Քաղաքական

26.12.2016 16:10


Արամ Հարությունյան. «Ամենաշատը հենց Սեյրան Օհանյանն իրավունք ունի խոսել բանակից՝ լավ իմանալով ԶՈւ կարևորության մասին»

Արամ Հարությունյան. «Ամենաշատը հենց Սեյրան Օհանյանն իրավունք ունի խոսել բանակից՝ լավ իմանալով ԶՈւ կարևորության մասին»

–Այսօր Հայաստանը գտնվում է այնպիսի մի իրավիճակում, երբ շատ կարևոր են քաղաքական ուժերի և գործիչների մոտեցումները ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ։ Շատ կարևոր է, որ հենց Սեյրան Օհանյանն է հնչեցնում այդ մտքերը՝ լինելով զինվորական ու մարտական ճանապարհ անցած անձնավորություն,–այս մասին «7օր»–ի հետ զրույցում ասել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյան՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այսօրվա հայտատարությանը, որում նա անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը։

Արամ Հարությունյանի խոսքով՝ ինքը նույնպես կարծում է, որ Արցախի հիմնախնդիրը պետք է լուծվի ուժեղ Հայաստան ունենալու դիրքերից, քանզի Արցախը ոչ թե բեռ է ՀՀ–ի համար, այլ զարգացման հնարավորություն։

–Շատ կարևոր են բանակի վերաբերյալ Սեյրան Օհանյանի հնչեցրած տեսակետները, քանի որ ամենաշատը հենց նա իրավունք ունի խոսել բանակից՝ ամենալավը իմանալով Զինված ուժերի կարևորության մասին,–նշել է Հարությունյանը։

Նա, մասնավորապես, կարևորել է Սեյրան Օհանյանի այն տեսակետը, որ Արցախի հիմնախնդրի լուծման բանալին գտնվում է Երևանում և Ստեփանակերտում։

–Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթից երևում է, որ ամեն ինչ թողնվում է Ռուսաստանի վրա, և իրենք մեր փոխարեն պետք է լուծում գտնեն։ Սակայն արժանապատիվ խաղաղության հասնելու համար մեր երկիրը պետք է ուժեղ լինի և տնտեսապես այնքան զարգացած, որ Ադրբեջանը չկարողանա ոտնձգություններ թույլ տալ։ Միայն լեգիտիմ իշխանության դեպքում դրսի ուժերը հաշվի կնստեն մեր երկրի հետ,–մեկնաբանել է Արամ Հարությունյանը։

Նա ընդգծել է հայաստանակենտրոն բոլոր ուժերի ու ջանքերի ներդրման կարևորությունը. պետք է հնարավոր դարձնել նաև Սփյուռքի ներգարավումը Հայաստանի զարգացման գործին, քանի որ միայն այդ դեպքում է, ըստ նրա, հնարավոր երկիրը ուժեղ դարձնել։

–Այստեղ համախմբման կոչ է արվել։ Այսօր շատ կարևոր են հայաստանակենտրոն ուժերը։ Կարևոր է այն հանգամանքը, որ մեկը մյուսի վրա քարեր չնետի։ Եթե բոլորի ցանկությունն իրոք հզոր ու զարգացած Հայաստան ունենալն է, ապա ամենակարևորը համախմբվելն է։ Իսկ դրա համար ամենակարևոր հանգամանքներից մեկն էլ արժանապատիվ քաղաքացի ունենալն է, ում ձայնն ու քվեն չի ոտնահարվել ընտրությունների ժամանակ։ Առաջին հերթին հենց դա է մեր անվտանգության ապահովման հիմնական գրավականը,–եզրափակել է Արամ Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը