Մեկնաբանություն

24.12.2016 00:04


Տարվա ամփոփիչ կենացները սկսվել են

Տարվա ամփոփիչ կենացները սկսվել են

Մրցանակաբաշխությունների ու պարգևատրումների բում է սկսվել: Հանրությունն, իհարկե, քմծիծաղով է հետևում թայֆայական այդ ձեռնարկներին, բայց դե, նախաձեռնողները ամեն օր «Լավագույններին» ու տարվա «հերոսներին» խոթում են մեր աչքը: Իսկական զավեշտ:

Բոլոր ոլորտներում «Տարվա մարդ», «Տարվա գերմարդ» ու «Տարվա դեմք» են հայտնաբերում ու անհաշիվ դիպլոմներ, պատվոգրեր ու մրցանակներ են բաժանում:

Միաժամանակ, «Տարվա նշանակալի իրադարձություն»-ներն են պարզում ու այդ թեմայով «խոսեցնում» են իշխանական գործիչներին, իշխանությանը սատարող զանազան «պերսոնաժներին» ու ձեռնասուն մտավորականներին: Սրանք, պարզ է, լիքը «նշանակալի» իրադարձություններ են նշում ու բոլորիս հավատացնում, որ երկրին պայծառ ապագա է սպասվում: Ու այս ամենից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում ամեն ինչ լավ է, 2016-ին բազում մարդիկ այնպիսի հրաշալի գործեր են արել, որ մենք հինգ րոպե պակաս հայտնվելու ենք երկիր դրախտավայրում:

Գերատեսչական պարգևներին էլ թիվ ու հաշիվ չկա. յուրաքանչյուրն իր գործունեությունը տարվա ընթացքում գովերգած լրագրողին կամ լրատվամիջոցին պարգևատրում է: Էստեղ են ասել՝ դե, մի հատ տո՛ւշ:

Այս պարգևամրցանակային աղմկոտ իրարանցմանը հետևելիս հարց է առաջանում՝ եթե երկրում այսքան «Լավագույններ» ու «Տարվա սուպերմեններ» կան, ապա ինչո՞ւ է Հայաստանը դոփում տեղում: Ավելի ճիշտ՝ արդեն տեղում էլ չի դոփում, այլ հետընթաց է արձանագրում:

Եթե այսքան շատ մրցանակի ու պատվոգրի արժանի մարդիկ կան, որոնց գնահատում են տարվա ընթացքում երկրում կատարած պանծալի գործերի համար, ապա ինչո՞ւ է հայրենիքը օր օրի խեղճանում, իսկ պետությունն էլ՝ թուլանում: «Դափոններով» ու «դաստաներով» մրցանակ-տիտղոս-պատվոգրերը զարգացնո՞ւմ են երկիրը, դրանք աջ ու ձախ բաշխելու միջոցով տնտեսությունը ոտքի՞ է կանգնում, ծայրահեղ աղքատների թիվը նվազո՞ւմ է:

Այսօր մեկ մրցանաբաշխություն պետք է հայտարարել՝ «Գործող իշխանության զոհերը»: Եվ այն արժանացնել միակ հավակնորդին՝ ժողովրդին: Թե չէ, «Տարվա եսիմինչ», ֆլան-ֆստան, պաչպչոցիներ ու շնորհավորհանքներ...

Ինչների՞դ վրա եք ուրախանում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը