Քաղաքական

23.12.2016 16:05


Տեղի է ունեցել «Երրորդ Հանրապետություն» կուսակցության արտահերթ համագումարը (տեսանյութ, ֆոտոշարք)

Տեղի է ունեցել «Երրորդ Հանրապետություն» կուսակցության արտահերթ համագումարը (տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբերի 23–ին տեղի է ունեցել «Երրորդ Հանրապետություն» կուսակցության արտահերթ՝ 7-րդ համագումարը, որի ընթացքում ներկայացվել են կուսակցության փոփոխված ծրագիրն ու կանոնադրությունը, ինչպես նաև ընտրվել են վարչության անդամներն, ու ընդունվել համագումարի բանաձևը:

Համագումարի մեկնարկին կուսակցության վարչության անդամ Կարեն Դավիդյանը հայտարարել է, որ այն նվիրված է ներկուսակցական խնդիրներին, այդ պատճառով էլ ներկա չեն գտնվել այլ կուսակցության ներկայացուցիչներ և անհատ քաղաքական գործիչներ։

Համագումարի ընթացքում ելույթի խոսքով է հանդես եկել ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։

–Հայաստանը կանգնած է պետականությունը կորցնելու վտանգի առաջ, և մեր կուսակցությունը հետամուտ է լինելու Հայաստանը ժամանակակից և մրցունակ երկիր դարձնելուն, ինչպես նաև նպաստելու է Արցախի անվտանգության ապահովմանը և միջազգային ճանաչմանը,–նշել է Դալլաքյանը։

Նրա խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ոչ թե պատճառ, այլ առիթ են նման ձևաչափերի առարկայացման ու բյուրեղացման համար, քանի որ վերջին տասնամյակում երկրի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ արձանագրված համատարած ձախողումների արդյունքում հայտնվել ենք ոչ միայն պետականության, այլև hայրենիքի կորստյան իրական վտանգի առջև։

–«Երրորդ Հանրապետություն» կուսակցությունը դավանում է լիբերալ-պահպանողական գաղափարին, որը կարող է իրագործել ազգայինի ու համամարդակայինի, ազատության ու սոցիալական գաղափարների ներդաշնակ իրականացումը,–ընդգծել է նա։

Իր խոսքն ամփոփելով՝ Վիկտոր Դալլաքյանը նշել է, որ Հայաստանի և Սփյուռքի միասնական նպատակը պետք է լինի առաջիկա խորհրդարանական ընտրությունների միջոցով լիովին ձախողված իշխանության վերարտադրությունը թույլ չտալը։

Համագումարի վերջում միաձայն քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Վիկտոր Դալլաքյանը, իսկ վարչության անդամներ՝ Էդուարդ Անտինյանը, Կարեն Դավիդյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Արմինե Սաղաթելայնը, Վարդան Խաչատրյանը և Ռուզաննա Ստեփանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը