Մեկնաբանություն

23.12.2016 00:05


Տարին «գերազանց» ենք փակում

Տարին «գերազանց» ենք փակում

Տարին «գերազանց» ենք փակում՝ արտաքին պարտքը հասցնելով մոտ 6 միլիարդ դոլարի: Դե, պետբյուջեի պակասուրդն էլ ավելի քան 60 միլիարդ դրամ է: Հարկերն ու տուրքերը նախատեսվածից քիչ են հավաքագրվել: Հոյակա՛պ է:

Սրանք Սերժ Սարգսյանի ասած՝ «Ուժեղ Հայաստան» ունենալու «գրավական» են: Դրա համար էլ գործարարներին հրավիրել է Բաղրամյան 26 և Ամանորի տոնական ընդունելությանը հայտարարում է. «Վստահ եմ, որ գալիք մի քանի տարիները մեզ համար բեկումնային են լինելու: Ես ինքս լավատես եմ և ակնկալում եմ, որ դուք էլ լավատեսությամբ տոգորված աշխատելու եք հանուն մեր ընդհանուր ապագայի»:

Որտեղի՞ց այդ վստահությունն ու լավատեսությունը, երբ ակնհայտ է, որ բիզնես միջավայրը, մեղմ ասած, խաթարվել է, արտաքին ներդրումների ծավալները զգալիորեն նվազել են, մանր ու միջին ձեռնարկատերերի մեծ մասը դադարեցրել է գործունեությունը, կան մարդիկ, ովքեր իրենց կապիտալը երկրից դուրս են հանել:

2016 թվականը ՀՀԿ-ի և հատկապես նրա ղեկավարի՝ անցած տարիներին իրականացրած արտաքին և ներքին քաղաքականության խտացումն է՝ բացասական պատկերով:

Անցած տարիներին չեն լուծել սոցիալ-տնտեսական խնդիրները, աշխատատեղեր գրեթե չեն ստեղծվել, աղքատության և գործազրկության ծավալները ավելացել են: Դե, իսկ արտագաղթի մասին չարժե նշել. հայտնի է երկրից հեռացած ՀՀ քաղաքացիների թիվը՝ 300 հազարից ավելի: Ավելին, այս տարվա նոյեմբերին ԱՄՆ դեսպանատան հրապարակած տվյալներով ավելի քան 131 հազար ՀՀ քաղաքացի է դիմել դեսպանատուն՝ Գրին-քարտի խաղարկությանը մասնակցելու նպատակով: Թեև շահողների թիվը չեն հրապարակել, սակայն ենթադրելի է, որ առնվազն 30 տոկոսը շահել է:

«Օդերում» ապրող իշխանությունը և նրա ղեկավարը իրականության զգաղոցությունը կորցրել են, քանի որ ՀՀԿ համագումարի ամբիոնից Սերժ Սարգսյանը այնպիսի «թվեր» հրապարակեց, որոնք ՀՀ քաղաքացիների կյանքի ու կենցաղի հետ ոչ մի կապ չունեն:

Բոլոր ոլորտներում ձախողումներ արձանագրած իշխանությունը ոչ մի դեպքում չի ընդունում սեփական տապալումների փաստը: Առաջիկա ընտրություններում այդ ամենը պետք է հիշեցնել նրան: Ապրիլյան պատերազմը և Ծռերի ամստամբությունը ևս գործող իշխանության ամոթն է, սակայն դրանք փորձում են պարտակել անտեսանելի, չիրականացված «բարեփոխումների» մասին դատարկախոսություններով:

Մինչև ե՞րբ են խաբելու ժողովրդին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը