Քաղաքական

22.12.2016 13:33


Հայկ Խանումյանը պնդում է տարածքային զիջումների մասին Բակո Սահակյանից պարզաբանման պահանջը

Հայկ Խանումյանը պնդում է տարածքային զիջումների մասին Բակո Սահակյանից պարզաբանման պահանջը

2016թ. դեկտեմբերի 22-ին Արցախի ԱԺ լիագումար նիստում «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանն անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ համագումարում ունեցած ելույթին:

«Օրերս հայոց պարտվողականության և հանձնվողականության գլխավոր գաղափարախոսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, կրկին հանդես եկավ զիջողական հայտարարություններով՝ պնդելով, որ խաղաղության հասնելու համար հարկավոր են փոխզիջումներ: Կարծում եմ շատերիդ կարծիքն արտահայտած կլինեմ, եթե ասեմ, որ փոխզիջումները ոչ թե խաղաղության են հանգեցնելու, այլ ավելի մեծ պատերազմի և ավելի շատ զոհերի»,-նշել է պատգամավորը: Այնուհետև ներկայացնելով թե ինչու՞ է վտանգավոր փոխզիջումների գնալը՝ Խանումյանը կրկին անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ ռուս լրագրողին տված նոյեմբերյան հարցազրույցին:

«Հիշեցնեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից մոտ մեկ ամիս առաջ հարցազրույց էր տվել Սերժ Սարգսյանը՝ մասնավորապես հաստատելով, որ 2011թ. Կազանի եռակողմ հանդիպման ժամանակ ինքը պատրաստ է եղել ստորագրել փաստաթուղթ, որով Ադրբեջանին կտրվեին իր խոսքերով «յոթ շրջանները»: Սերժ Սարգսյանը վստահորեն ասում է, որ հայկական կողմերը, Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը պատրաստ են հեռանալ այդ շրջաններից:

Նոյեմբերի 30-ի իմ ելույթում ես պարզաբանում էի պահանջել Արցախի նախագահ Բակո Սահակյանից՝ իմանալու, արդյո՞ք նա ևս 2011թ. պատրաստ է եղել տարածքային զիջումների: Ի՞նչ հիմնավորվածությամբ է Սերժ Սարգսյանը պնդում, որ հայկական կողմերը պատրաստ են Ադրբեջանին հանձնել յոթ շրջաններ:

Այս հարցին ես դեռ պատասխան չեմ ստացել, ինչի համար էլ հարկ համարեցի կրկնել պարզաբանման պահանջս, հաշվի առնելով նաև, որ հայաստանյան քաղաքական դաշտում քննարկման առարկա է դարձել տարածքների հանձնման թեման»-ամփոփել է իր ելույթը Հայկ Խանումյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը