Մեկնաբանություն

22.12.2016 12:15


ԱԺ ընտրությունների իրական և կեղծ օրակարգերը

ԱԺ ընտրությունների իրական և կեղծ օրակարգերը

2017–ի ԱԺ ընտրություններն էականորեն տարբերվելու են մինչև այժմ տեղի ունեցածներից։ Դրանք իրենց նշանակությամբ լինելու են նախագահական ընտրություններին հավասարարժեք, իսկ որոշ առումներով՝ նույնիսկ գերազանցող ընտրություններ։

Արդեն իսկ ուրվագծվում է, թե ինչպիսի ուժեր են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին և ինչպիսի օրակարգերով։

Դատելով ընթացիկ իրադարձություններից և քաղաքական սուբյեկտների կողմից հանրությանը հրամցվող «մեսիջներից», մենք ունենալու ենք իրական և կեղծ օրակարգեր, ու այդ օրակարգերն առաջ տանող քաղաքական ուժեր։

Սերժ Սարգսյանը կփորձի կյանքի կոչել իր վերարտադրության ծրագիրը՝ որպես գործիք օգտագործելով ՀՀԿ–ին ու ռեյտինգային քվեարկության թոհուբոհի մեջ նետվելիք քրեաօլիգարխիկ շրջանակներին։

Այն ուժերը, որոնք, կամա թե ակամա, կմտնեն սերժսարգսյանական սցենարի մեջ և դեմ կլինեն լայն համախմբմանը, ինչպես նաև առաջ կքաշեն աշխարհաքաղաքական կողմնորոշումների, «Մինչև Ղարաբաղի հարցը արագ ու ամեն գնով չլուծենք, Հայաստանը զարգացման հեռանկար չի ունենա» քիրվայական մոտեցումների կեղծ օրակարգերը, կլինեն 2017–ի ընդդիմադիր դաշտի ականները, կամ ինչպես ՀՀԿ ղեկավարն է այդպիսիներին բնութագրել՝ հաճախորդները։

Սերժ Սարգսյանին որպես այլընտրանք են հանդիսանում հայաստանակենտրոն ուժերը, որոնք հանրությանը ներկայանում են «Ղարաբաղի հարցը ոչ թե բեռ է, այլ հնարավորություն ուժեղ, զարգացած և անվտանգ Հայաստան ունենալու համար» թեզով։ Հայաստանակենտրոն ուժի հատկանիշներից է նաև այն, որ առաջնային է համարում ներքին կյանքը դրականորեն փոխելու առարկայական ծրագիրն ու նոր որակի իշխանություն ձևավորելու ճանապարհային քարտեզի առկայությունը։

Հայաստանակենտրոն ուժի մյուս հատկանիշն այն է, որ փորձում է համախմբել ոչ միայն ոչիշխանական տիրույթի սուբյեկտներին, այլ նաև իշխանության ներսում գտնվող առողջ հատվածներին։

Եվ այսպես, առաջիկա ընտրություններում քաղաքական ուժերը կբաժանվեն իրական և կեղծ օրակարգերով (ի դեպ, վերարտադրությունը ամենակեղծ օրակարգն է)։ Ավելորդ է հարցնելը, թե ում կողմը կլինի հանրության ճնշող մեծամասնության համակրանքը։ Բոլորի համար էլ ակնհայտ է, որ Հայաստանում նոր որակի իշխանություն, նոր որակի տնտեսական հարաբերություններ և նոր որակի քաղաքական դաշտ ձևավորելն ազգային անվտանգության հարց է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը