Մեկնաբանություն

22.12.2016 00:05


Օհանյանի դեմ խոսողների մեծ մասը դասալիք է

Օհանյանի դեմ խոսողների մեծ մասը դասալիք է

Մենք թացն ու չորը խառնելու նախանձելի «շնորհով» ենք օժտված: Կենսագրություն ու վաստակ ունեցող մարդուն և կասկածելի անցյալ ու անվաստակ մեկին հանգիստ կարող ենք նույն հարթության վրա դնել ու հավասարաչափ նսեմացնել:

Ես հարգում եմ Սեյրան Օհանյանին և գնահատում հայրենիքին մատուցած նրա ծառայությունները՝ թե՛ որպես իսկական մարտիկ, և թե՛ որպես պաշտպանական գերատեսչության ղեկավար:

Հիմա մարդը ակտիվ քաղաքականություն մուտք գործելու հայտ է ներկայացրել, ինչի իրավունքը ունի: Որպես քաղաքական գործիչ թե ինչպես իրեն կդրսևորի Սեյրան Օհանյանը, ժամանակը ցույց կտա: Բայց այժմ, երբ նա ընդամենը սեփական որոշումն է հրապարակել, նրա «երեսին թռնելն», ինձ համար անհասկանալի է: «Ջուրը չտեսած՝ բոբիկանալու» նման մի բան է: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ Օհանյանի դեմ խոսողների մեծ մասը դասալիք է:

Սպասեք մի քիչ, համբերեք ու տեսեք, թե նա ինչպիսի՞ վարքագիծ է դրսևորելու քաղաքականության մեջ, ի՞նչ ծրագրով կամ ի՞նչ ձևաչափով է մասնակցելու ընտրական գործընթացներին, հետո միայն գնահատականներ «շաղ տվեք»: Ախր, մեզանից ոչ ոք նրան քաղաքական գործունեություն ծավալելիս չի տեսել: Հետևաբար, անհեթեթություն է այս պահին ինչ-ինչ «ենթադրություններով», նույնիսկ՝ «եզրակացություններով» «օդը տատանելը», ինչով արդեն 24 ժամից ավելի զբաղված է «հակաօհանյանական» անմարտունակ «գումարտակը»: Ի դեպ, վերջինս էլ հարցը փոքրացնում է սեփական ուղեղի չափի ու խոսում այն մասին, թե նա իշխանության մաս է եղել, ո՞նց կարող է գործել ոչիշխանական դաշտում:

Հետո ի՞նչ, որ իշխանության մեջ է եղել: Ի՞նչ է, մարդու կյանքը միայն մեկ փուլի՞ց է բաղկացած: Նեղ ու պուճուրիկ ուղեղները չեն կարող հարցին ավելի լայն նայել: Ասենք, ընդունել, որ քաղաքական ասպարեզում Օհանյանի կերպարը շատ էլ պահանջված է:

Հոգնել ենք բութ դեմքերից ու տարատեսակ սպառված քաղաքական խեղկատակներից: Օհանյանի ներկայությունը կարող է գոնե փոքր-ինչ լրջացնել, ավելի տանելի դարձնել այդ դաշտը: Եթե, մանավանդ, նրան հաջողվի նորմալ թիմ ձևավորել և իր շուրջը համախմբել պարկեշտ ու պրոֆեսիանալ քաղաքական դեմքերի և ուժերի: Իսկ այդպիսիք կան: Այնպես չէ, որ չկան: Կա՛ն, հաստատ, կա՛ն:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը