Կարծիք

21.12.2016 16:25


Առաջարկում եմ վերջ տալ Օհանյանի դեմ սև քարոզչությանը

Առաջարկում եմ վերջ տալ Օհանյանի դեմ սև քարոզչությանը

ՀՀ պաշտպանության արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանն օրերս հայտարարեց քաղաքականություն մտնելու եւ ընտրական գործընթացներին մասնակցելու մտադրության մասին:
Սեյրան Օհանյանն այս երկրի զարգացման, պաշտպանության ամրապնդման համար, մեղմ ասած, ներդրում ունեցած գործիչ է: Նա արցախյան հերոսամարտի մասնակիցներից է, ակտիվ դերակատարում ունեցածներից մեկը:
Սեյրան Օհանյանն ապացուցեց նաեւ, որ պաշտոն զբաղեցնելն իր կյանքի թիվ մեկ նպատակը չէ: Գաղտնիք չէ, որ նրան հազար ու մի աշխատանք եւ պաշտոն են առաջարկվել, բայց նա ընտրել է սկզբունքայնությունը:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մտնել քաղաքականություն, յուրաքանչյուր ոք իրավունք ունի մտնել ընտրական գործընթաց: Ցավոք, այս պարզ ճշմարտությունը շատերի համար ընդունելի չէ:
Սեյրան Օհանյանի հայտնի հայտարարությունից արդեն ժամեր անց հայտնի բրիգադի անդամները սկսեցին փնովել Սեյրան Օհանյանին. ավելին՝ սոցցանցերում կեղտոտ գրառումներ հայտնվեցին: Ոմանք նույնիսկ հարցազրույցներ տվեցին եւ առանց ամաչելու սկսեցին խոսել Սեյրան Օհանյանի անձի դեմ, նույնիսկ շանտաժի տարրերով, թե՝ մանրամասներ կհայտնենք:
Այստեղ ուզում եմ շեշտել, որ եթե մանրամասներ հրապարակելուն հասնի, ապա դրա պակասը չի զգացվի: Շատ շատերի մասին շատ բան կա թե՛ պատմելու, թե՛ հիշեցնելու, թե՛ բացահայտելու:
Նրանք ամոթից իրենց շեմից առաջ չեն գնա, եթե պատմենք, թե ով ինչ էր խոսում գործող նախագահի մասին, իսկ հետո վազում եւ եթերում հակառակն ասում, թե ապրիլյան պատեազմից հետո սրճարաններում նախագահին ինչ մեղադրանքներ էին ներկայացնում, իսկ հետո եթերից քծնում նրան, թե ինչպես էին առաջարկում րոպե առաջ ազատվել գործող վարչախմբից, իսկ անմիջապես հետո հարցազրույցներում գովերգում այդ վարչախմբին:
Մի խոսքով, առաջարկում եմ վերջ տալ կեղտոտ խաղերին, սեւ քարոզչությանը եւ հայտնի բրիգադի անդամներին ուղարկել կենսաթոշակի: Հասարակությունը հոգնել է նրանցից, ովքեր մեկ կենտրոնից եկող հրահանգով մի օր չարիք էին համարում Գագիկ Ծառուկյանին, մեկ այլ օր՝ Վարդան Օսկանյանին, իսկ հետո՝ Սեյրան Օհանյանին: Վաղը, վստահաբար, նրանք նույնը անելու են Սերժ Սարգսյանի դեմ: Ամոթ է: Իրոք, այս ամենն ավելի քան զզվելի է: Մեր երկիրն այդքան ռեսուրս չունի, որ իր վրա պահի ահռելի քանակությամբ կեղտն ու մուրը: Այս գաղջ մթնոլորտը ցրելու ճիշտ ժամանակն է:
Ամեն ինչից զատ՝ կա պարզ մարդկային գործոն՝ Սեյրան Օհանյանը միշտ դուրս է եղել գողական, բիզնես կլաններից, ներքաղաքական ինտրիգներից: Նա, ի վերջո, պատերազմի հերոս է, առողջությունը եւ կյանքը հայրենիքին դրած գործիչ: Գուցե նա չի տիրապետում մամուլով կեղտոտ «սլիվներ» անելու ժամանակակից «արվեստին», գուցե նա չի կարողանում անցնել բարոյականության կարմիր գիծն ու իր ընկերների ու գործընկերների հասցեին սուտ եւ վիրավորանք պատվիրում մամուլով: Բայց սա նրա առավելությունն է: Իսկ եթե ոմանք կփորձեն օգտվել այդ հատկանիշից, ապա պատասխան հաստատ ստանալու են:

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը