Կարծիք

21.12.2016 15:16


Հավատացնում եմ՝ Ղարաբաղի հարցում «պապին» գիտի մի բան, որ ոչ մի բան էլ չգիտի

Հավատացնում եմ՝ Ղարաբաղի հարցում «պապին» գիտի մի բան, որ ոչ մի բան էլ չգիտի

Այս օրերին շատերն են հրապարակավ իրենց վերաբերմունքն արտահայտում ՀԱԿ վերջին համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի այն հատվածին, որտեղ նա դարձյալ խոսում է Ղարաբաղի հարցի կարգավորման փուլային տարբերակին վերադառնալու անհրաժեշտության մասին: Կարծիքները, անշուշտ, տարբեր են, բայց առաջին նախագահին անգամ սուր քննադատողներից շատերը հոգու խորքում ընդունում են, որ նա փորձառու քաղաքական գործիչ է, աշխարհի մեծերի հետ նստած-վեր կացած մտավորական, գիտնական, ու եթե անգամ նրա տեսակետի հետ համաձայն չեն, ապա մի տեսակ բարդութավորված են՝ կարծելով, թե, այդուհանդերձ, Տեր-Պետրոսյանն իրենցից շատ է հասկանում, ինչի արդյունքում Ղարաբաղի հարցում մի տեսակ պարտվողական տրամադրությունը սպասվածից ավելի շատ մարդու է պատում, ինչը, անշուշտ, մտահոգիչ է ու ստիպում է անդրադառնալ թեմային:
Անհրաժեշտություն չեմ տեսնում այդ ելույթի բովանդակային քննարկմանն անդրադառնալու: Այն, ինչ ասում է Տեր-Պետրոսյանը, նոր չէ, ու իր նմանատիպ ելույթներում պարզորոշ դիտարկվում է նրա անսխալականության բարդույթը, թե տեսեք, որ ժամանակին ասում էի, հիմա ճիշտ է դուրս գալիս: Փորձենք հասկանալ՝ արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանն իսկապե՞ս չի սխալվել հենց Ղարաբաղի հարցի կարգավորման թեմայով իր՝ նախկինում ասված խոսքում: Սխալվել է, այն էլ՝ ինչքան, և ինչո՞ւ է հիմա համառորեն ցանկանում ամենագետ երևալ հենց Ղարաբաղի հարցում զիջումների գնալու պարագայում: Նրա նախկին սխալներից մեկին անդրադառնամ, որը հենց Ղարաբաղի հարցի կարգավորման իր «պայծառատեսությանն» է վերաբերում, ու իմ կողմից՝ գործից անտեղյակի գնահատականի արժանանում դեռ տարիներ առաջ:

ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ, 20.11.2008թ., «168 Ժամ», «ԱԶԳԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒՅՈՒՆՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՌԱՐԿԱ ՉԷ»
«Երբ Տեր-Պետրոսյանը «Ա1+»-ին տրված իր հարցազրույցում նշում էր, որ մոսկովյան հանդիպումը, թեեւ իսկապես շրջադարձային, սակայն Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի սոսկ սկիզբն է, եւ այն ավարտվելու է դեկտեմբեր ամսին ԱՄՆ-ում, ինձ համար առնվազն տարօրինակ էր, քանի որ այդ հարցազրույցը նա տվել է նոյեմբերի 4-ին` ԱՄՆ նախագահական ընտրությունների օրը: Այսինքն ի՞նչ. նա կարծում էր, որ ընտրված դեմոկրատ նախագահը գնացող ադմինիստրացիային կընձեռնի տեւականորեն չկարգավորված կոնֆլիկտի կարգավորման պատի՞վը, թե Տեր-Պետրոսյանը կարծում էր, որ Սպիտակ տանը շարունակելու էին պաշտոնավարել հանրապետականները եւ Ջոն Մըքքեյնը, որպես իր ընտրվելու երախտիքի նշան, մինչ իր պաշտոնը հունվարին ստանձնելը նման շնորհ պետք է աներ իր գնացող գործընկերոջը` Ջորջ Բուշին: Բայց այդ դեպքում պետք է փաստել, որ ամբողջ աշխարհում միայն քաղաքականությունից չափազանց անտեղյակներն էին կարծում, որ ներկա իրավիճակում հանրապետականներին կհաջողվեր շարունակել պաշտոնավարել Սպիտակ տանը եւս 4 տարի»:

Ինչպես երևում է, թե՛ Տեր-Պետրոսյանն է իր կարծիքը հայտնել 2008թ. նոյեմբերին, թե՛ ես եմ իմ դիտարկումն արել, իսկ կյանքը ցույց տվեց, որ նույն տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ում հարցն այդպես էլ չկարգավորվեց: Ես սոսկ չեմ նշել, թե չի կարգավորվելու, այլ բացատրել եմ, թե նման տեսակետ հայտնողը որքան պետք է քաղաքականությունից հեռու լինի, որ անգամ չպատկերացնի, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքում մեկն իր պաշտոնին փաստացի հրաժեշտ է տալիս նոյեմբերին, իսկ մյուսը պաշտոնը ստանձնում է հունվարին, լավ, ո՞վ էր դեկտեմբերին իր լիազարությունների ողջ ուժով մեզ Ղարաբաղի հարցի կարգավորում պարտադրելու: Ասեցինք գործից անտեղյակ, բայց այսքա՜ն:
Այնպես որ, սիրելի հայրենակիցնե՜ր, ամպագորգոռ տիտղոսների վրա խաբվել պետք չէ: Ունեք սեփական խելք ու, կարծում եմ, աշխարհի իրադարձություններն ինքնուրույն վերլուծելու ունակություն, ի՞նչ եք բարդութավորվել, թե մեծ մարդ է, մի բան գիտի, որ ասում է: Ու որքան էլ շատերը հլու-հնազանդ ենթարկվեն վերադասի կարծիքին՝ լինի դա իշխանական վերադաս, թե ընդդիմադիր, հավատացնում եմ՝ սեփական խելքով առաջնորդվելը դեռ «մոդայից» դուրս չի եկել:

Էդվարդ Անտինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը