Կարծիք

21.12.2016 14:18


Իշխանական մանր ու միջին տրամաչափի քարոզիչները սկսեցին «աշխատել» Օհանյանի դեմ

Իշխանական մանր ու միջին տրամաչափի քարոզիչները սկսեցին «աշխատել» Օհանյանի դեմ

Երեկ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ մտնում է ակտիվ քաղաքականություն և մասնակցելու է գալիք խորհրդարանական ընտրություններին։ Անմիջապես այդ հայտարարությունից հետո իշխանական մանր ու միջին տրամաչափի քարոզիչները գործի անցան ու սկսեցին «աշխատել» Օհանյանի դեմ։ «Աշխատելը», սակայն, նրանց մոտ շատ վատ է ստացվում, և վատ է, որ Սերժ Սարգսյանն իր սազանդարներին թողել է «ավտոպիլոտի» վրա։ Հիմա նրանք կամ ֆալշստարտ են տվել, չսպասելով տիրոջ հրամանին, կամ էլ պարզապես տհաս են ու չեն հասկացել պատվիրատուի հրահանգը։

Այդ քարոզիչների գլխավոր թեզը, որ օգտագործում են Սեյրան Օհանյանի դեմ, ապրիլյան դեպքերի ժամանակ կրած մեր կորուստներն են՝ մարդկային ու տարածքային։ «Ազատամարտիկների դաշինքում» անհասկանալի կերպով հայտնված Սուրեն Սարգսյանն այդ ամենի մեջ մեղադրում է Սեյրան Օհանյանին։ Բայց չէ՞ որ այդ ամենի գլխավոր պատասխանատուն հենց Սերժ Սարգսյանն է, ով ՀՀԿ նախագահի ու ՀՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնների հետ համատեղ՝ նաև մեր Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է։ Եվ հենց նա և իր կուսակցության առաջին դեմքերն էին ասում, որ այդ հողերն «անպիտան» էին ու լռում էին զոհերի մասին։ Հիմա հանկարծ հիշեցին նրանց մասին։

Իրականությունն այն է, որ եթե Սերժ Սարգսյանի համար դա խնդիր լիներ, նա համաձայն չլիներ բանակում տիրող վիճակի հետ, չլիներ այնտեղ կատարվող թալանի գլխավոր շահառուն, իսկ Սեյրան Օհանյանն էլ լիներ այդ ամենի պատասխանատուն, տրամաբանությունը հուշում է, որ Սերժ Սարգսյանը Սեյրան Օհանյանին պաշտոնանկ կաներ անմիջապես այդ դեպքերից հետո։ Բայց, փաստորեն, Սեյրան Օհանյանը, մեր բանակն ընդհանրապես կատարել են իրենց խնդիրը, մեծ զոհերի գնով հետ են շպրտել թշնամուն և պատրաստ էին նաև վերադարձնել այդ կորցրած տարածքները, եթե գերագույն գլխավոր հրամանատարը դրանք «անպիտան» չորակեր ու համապատասխան հրահանգ տար։

Եվ հենց Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով է, որ այսօր մեր բանակը թշնամուն դիմակայում է 80-ականների զենքերով, ու հենց նա առաջարկեց բոլոր նրանց, ում պետք են Ղարաբաղի հողերը, ինքնուրույն վերադարձնել դրանք։ Կարծում եմ, որ Սեյրան Օհանյանի քայլը տեղավորվում է նաև այդ տրամաբանության մեջ, քանի որ հզոր պետություն ունենալու և Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելը և Արցախը պաշտպանելու համար առաջին հերթին փոփոխություններ են անհրաժեշտ ներքաղաքական կյանքում։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը