Մեկնաբանություն

21.12.2016 12:05


21-րդ դարի իշխանության 19-րդ դարի գյուղական ճաշացանկը

21-րդ դարի իշխանության 19-րդ դարի գյուղական ճաշացանկը

Իշխանական վերնախավի անդամները, հարակից գործիչները, կից սոցիոլոգներն ու դրկից փորձագետներն այս օրերին հայ ժողովրդին խորհուրդ են տալիս, թե ինչպես նշել Նոր տարին: Համոզում ու խրատում են քիչ ծախսել, Ամանորի սեղանը թանկ ուտեստներով չծանրաբեռնել, վարկով ու պարտքով Նոր տարի չանել և նման բաներ:

Հիշեցնում են, որ տրանսֆերները նվազել են, ու ավելի լավ է փողը խնայել:

Ահազանգում են, որ եթե ուզում են էլի ապրել, ավելի լավ է այդ գիշերը քիչ ուտել ու ոչ մեկի չզարմացնել:

Աբսուրդն այնտեղ է հասել, որ հիշել ու օրինակ են բերում վանեցիներին, որոնք Նոր տարուն խաշիլ էին ուտում՝ մի գդալ մեղրով: Այնպես որ, կարելի է խաշիլով էլ յոլա գնալ: Հիանալի է: Դեռ լավ է, որ միայն խաշիլն են հիշել: Կարող էին, չէ՞, նշել նաև չորթանը, փիփերթով ֆռռիկը, փոխինդը ու Ծաղիկ կովի մածունը: Հա, նաև 90-ականների ձկան կոտլետը (սա՝ որպես դելեկատես):

21-րդ դարում իշխանությունը ժողովրդին «դեմ է տալիս» 19-րդ դարի գյուղական ճաշացանկը ու պահանջելու պես հորդորում, որ շատ չոգևորվենք ու եղած գրոշներս քամուն չտանք (թեպետ, 32 տոկոս աղքատները այդ գրոշներն էլ չունեն, բայց տարվա մեջ մի անգամ ուզում են իրենց սեղանը մի քիչ «տոնական» լինի):

Ուրեմն, իշխանությունն ու հարակից «արտահաստիքային» կամակատարներն ու քծնողները, կուշտ ու կուռ նստած, մեզ «դաստիարակում և վերադաստիարակում» են, որ մի քիչ ժուժկալ լինենք, մի քիչ համեստ լինենք, մի քիչ խնայող լինենք: Հո չե՞ն ասելու, որ չենք կարողանում այնպես կառավարել, որպեսզի ժողովուրդն արժանապատվորեն և իր ուզած ձևով նշի Նոր տարին: Փոխարենը՝ մեզ «դեմ են տալիս» խաշիլը: Իրենք կոմսերից ու լորդերից են սերված ու կարող են ամեն առավոտ ձկնկիթով նախաճաշել ու գնալ հակաժողովրդական օրենքներ ու որոշումներ ընդունելու, իսկ ահա ժողովուրդը կարող է բավարարվել խաշիլ-չորթանով:

Իսկ ո՞վ է հաշվելու, թե քանի միլիոն է Նոր տարվա վրա ծախսում բարձրաստիճանից մինչև միջին ու ստորին կարգի պաշտոնյան, որոնք դրսերում են նշում Ամանորը՝ զեխության անպատմելի մակարդակով: Ոչ ոք: Դա տաբու է: Միայն պետք է հաշվել ու խորհուրդներ տալ թշվառ ժողովրդին, թե նա որքան պետք է ծախսի ու ինչ դնի սեղանին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը