Քաղաքական

20.12.2016 14:46


Արամ Հարությունյան. «Սեյրան Օհանյանն ընդլայնված դաշինքով կմասնակցի, և հաստատ այդ դաշինքը իշխանությունների համար խնդիր կստեղծի»

Արամ Հարությունյան. «Սեյրան Օհանյանն ընդլայնված դաշինքով կմասնակցի, և հաստատ այդ դաշինքը իշխանությունների համար խնդիր կստեղծի»

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն կարող է միայն դրական ազդեցություն ունենալ քաղաքական գորընթացների վրա: Այսպես է կարծում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

«Ես շատ նորմալ եմ գնահատում. գտնում եմ, որ Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն կնպաստի, որպեսզի 2017 թվականի ընտրությունները լինեն իրոք մրցակցային: Ես համոզված եմ, որ ինքը միայնակ չի մասնակցի ընտրություններին, այլ բավականին ընդլայնված դաշինքով կմասնակցի, և հաստատ այդ դաշինքն իշխանությունների համար խնդիր կստեղծի»,-«Zham.am»-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը:

Նա վստահ է նաև, որ Սեյրան Օհանյանի մուտքը Հայաստանի քաղաքական դաշտ կարող է նաև բացասական արձագանքների տեղիք տալ:

«Բնականաբար, փորձելու են քարեր նետել Սեյրան Օհանյանի վրա, բայց այն հանգամանքը, որ ինքը բավականին լուրջ մարդ է, որոշում է կայացրել մտնել քաղաքականություն, քանի որ համոզվել է, որ առանց քաղաքականության մեջ լինելու՝ հնարավոր չէ ազդել երկրի զարգացման ուղու վրա»,-նշեց նա:

Թե ինչպիսին կլինի ապագա խորհրդարանի պատկերն, ըստ Հարությունյանի, դժվար է ասել, և ամեն ինչ կախված է հնարավոր դաշինքներից: Բայց անգամ եթե ընդդիմադիր ուժերը չեն միավորվում, Հարությունյանը գտնում է, որ պետք է միմյանց հանդեպ հանդուրժողականություն ու հարգանք դրսևորեն:

«Իհարկե, իդեալական տարբերակն այն կլիներ, որ բացի իշխանություններից՝ իրենց ընդդիմադիր համարողները մեկ դաշինքով հանդես գային, բայց եթե անգամ դա այդպես չէ, պիտի փորձեն իրար վրա քարեր չնետել, որովհետև դա միայն ձեռնտու է իշխանություններին, և նրանք, ովքեր քարեր են նետում ընդդիմության վրա, հաստատ ծառայում են իշխանություններին, թեկուզև հանդես գան ընդդիմադիրի պիտակով»,-ասաց Հարությունյանը:

Աղբյուրը՝ «zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը