Քաղաքական

20.12.2016 13:20


Երվանդ Բոզոյանն ու Ռազմիկ Պետրոսյանը՝ քաղաքականություն Սեյրան Օհանյանի մուտք գործելու մասին

Երվանդ Բոզոյանն ու Ռազմիկ Պետրոսյանը՝ քաղաքականություն Սեյրան Օհանյանի մուտք գործելու մասին

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր հայտարարել է ակտիվ քաղաքականություն մուտք գործելու մասին: «NewsBook»-ը զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի և «Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի հետ:

Սեյրան Օհանյանի այս քայլը քաղաքագետ Երվանդ Բոզոյանը գնահատում է շատ նորմալ և համարում է, որ ցանկացած մարդ իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ: «Աշխարհում տարբեր մարդիկ, երբ լինում են պաշտպանության նախարար կամ այլ պաշտոնի, դուրս են գալիս և ակտիվորեն մասնակցում են քաղաքական գործընթացներին: Նույն Իսրայելի շատ քաղաքական գործիչներ ժամանակին եղել են Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կամ պաշտպանության նախարար: Աշխարհում դա ընդունված նորմ է: Ավելին, երբ մարդը երկար ժամանակ պաշտոն է ունենում, մեծ փորձ է ունենում և, ըստ էության, հնարավորություն է ունենում այդ փորձը կիրառել: Երբ որ բացատրում է, թե ինչու է դուրս գալիս պաշտոնից, հասարակությունը պետք է դրանից հետո գնահատի դրական և բացասական կողմերը և համեմատի գործող իշխանության հետ ու իր ընտրությունը կատարի»,- ասաց Բոզոյանը:

Նա ընդգծեց, որ Սեյրան Օհանյանի վերադարձը Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելը հենց իշխանության առաջ քաշած վարկածն է, որպեսզի կասկած հարուցի հասարակության մոտ:

Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը, լսելով Օհանյանի վերադարձի մասին, ասաց, որ իրենք կգնան, կհամագործակցեն, եթե նախկին պաշտոնյան իր տեղը զբաղեցնի ընդդիմադիր դաշտում և պայքարի իշխանափոխության համար:

«Եթե գալու են, համախմբվեն ամբողջական իշխանափոխության համար, ընդունելի է: Եթե նորմալ կլինի, շատ ավելի լավ: Շատ մարդիկ անցյալ ունեն, հայրենիքին ծառայություն են մատուցում, և այդ մարդիկ չեն կարող անտարբեր մնալ: Աստված տա, որ իր մասնակցությունը ևս օգտակար լինի, որ մենք կարողանանք օր առաջ մեր երկրում փոփոխություններ իրականացնել»:

Ռազմիկ Պետրոսյանի կարծիքով Օհանյանը, չնայած ժամանակին մաս է կազմել իշխանությանը, այսօր կարող է հակառակ կանգնել նրանց:

Այս խորագրի վերջին նյութերը