Քաղաքական

19.12.2016 15:35


Վիկտոր Դալլաքյան. «ՀՀ ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքը գործող իշխանությունների վերարտադրության ձգտումն է»

Վիկտոր Դալլաքյան. «ՀՀ ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքը գործող իշխանությունների վերարտադրության ձգտումն է»

–2016թ. ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել 3 հիշարժան իրադարձություն՝ ապրիլյան քառօրյա պատերազմը, «Սասնա ծռերի» գործողությունը և նոր Կառավության ձևավորումը,–այս մասին դեկտեմբերի 19–ին «Երրորդ հանրապետություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Վիկտոր Դալլաքյանը՝ անդրադառնալով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։

Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ՀՀ գործող իշխանությունները և ՀՀ–ում գործող կլանային, մաֆիոզ, օլիգարխիկ համակարգը չի կարող երկարատև մրցակցության պայմաններում դիմակայել ադրբեջանական հնարավոր ագրեսիային։

–Ըստ հայտնի վերլուծաբանների՝ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի, իսկ Հայաստանն առանց մրցունակ, ժամանակակից և կենսունակ պետության կառուցման՝ չի կարող դիմադրել այդ մարտահրավեներին, հետևաբար ՀՀ գործող իշխանությունները խորհրդարանական ընտրությունների արդյունքում պետք է հեռացվեն իշխանությունից, քանի որ ՀՀ ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքը գործող իշխանությունների վերարտադրության ձգտումն է,–հավելել է Դալլաքյանը։

Խոսելով 2016թ. մեկ այլ հիշարժան իրադարձության՝ նոր Կառավարության ձևավորման մասին՝ նա ասել է, որ գործող վարչապետն ԱԺ իր առաջին նիստում հայտարարել էր, որ ՀՀ-ի տնտեսությունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում՝ այդպիսով իսկ խոստովանելով, որ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը երկիրը հասցրել է ծայրաստիճան ծանր իրավիճակի։

–Բացի այդ, գործող վարչապետը փորձում է հանրությանը ներկայանալ, այսպես կոչված, «հույսի տեսլականով», իսկ դա որոշակի իմաստով կարելի է անվանել «հույսի գողություն», որովհետև, եթե գործող իշխանությունը ներկայանում է խորհրդարանական ընտրություններին, ապա նա պետք է ներկայացնի իր կատարած աշխատանքները և հենց դրանցով փորձի ժողովրդի վստահությունը վայելել, իսկ դա իրականում տեղի չի ունենում,–ասել է Դալլաքյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը