Քաղաքական

19.12.2016 14:36


Վիկտոր Դալաքյան. «Մենք լայն կոնսոլիդացիայի կողմնակից ենք» (տեսանյութ)

Վիկտոր Դալաքյան. «Մենք լայն կոնսոլիդացիայի կողմնակից ենք» (տեսանյութ)

–«Երրորդ հանրապետություն» կուսակցությունը գտնում է, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունները հնարավորություն են Հայաստանում համաժողովրդական կոնսոլիդացիայի և տարբեր քաղաքական ուժերի համախմբման արդյունքում հասնելու խաղաղ իշխանափոխության։ Մենք հայաստանյան լայն կոնսոլիդացիայի կողմնակից ենք,–այս մասին դեկտեմբերի 19–ին «Երրորդ հանրապետություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Վիկտոր Դալլաքյանը։

Նա ողջունել է Սփյուռքի մի շարք հասարարակական կազմակերպությունների և հանրահայտ գործիչների՝ ընտրությունների ընթացքում Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնելու մտադրությունը։ Նաև խոսել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ու «Ժառանգություն» կուսակցությունների հետ հնարավոր դաշինքի մասին՝ ասելով.

–Այս ընթացքում ես որոշակի հանդիպումներ եմ ունեցել տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ։ Իմ հրաժարականից հետո բազմիցս հանդիպել եմ Սեյրան Օհանյանին։ ՀՀ-ում առաջացած իրավիճակը գնահատում ենք նույն ձևով, ինչպես նաև նույն կերպ ենք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը։

Նա հավելել է, որ առաջիկա օրերին Սեյրան Օհանյանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ՝ ազդարարելով իր մուտքը ՀՀ քաղաքականություն։

Վիկտոր Դալլաքյանի պնդմամբ՝ Սերժ Սարգսյանը փորձել է կանխել իր նախորդ ասուլիսը, որը տեղի էր ունեցել 2016թ. հոկտեմբերի 11–ին։ Նրա խոսքով՝ դա փորձել է անել Արմեն Գևորգյանի միջոցով. վերջինս Դալլաքյանին նամակ է ուղարկել՝ խնդրելով պատասխանել հեռախոսազանգերին, սակայն ինքը չի արձագանքել։

Ինչ վերաբերում է կուսակցության՝ դեկտեմբերի 23–ին կայանալիք արտահերթ 7–րդ համագումարին, Վիկտոր Դալլաքյանը նշել է, որ քննարկվելու են կուսակցության նոր կանոնադրությունը և նոր ծրագրի ընդունումը։

–Համագումարի ընթացքում ընդունվելու է համապատասխան բանաձև, որով մենք արտահայտելու ենք մեր վերաբեմունքը 2017թ. խորհրդարանական ընտրությունների մասնակցության վերաբերյալ,–ասել է նա։

Վիկտոր Դալլաքյանը նաև նշել է, որ համագումարը զուտ կանոնադրական և ծրագրային բնույթ է կրելու, այդ պատճառով էլ ներկա են գտնվելու միայն կուսակցության անդամները. հրավիրյալներ չեն լինելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը