Կարծիք

18.12.2016 10:41


Հողը ազատագրել է ժողովուրդը՝ իր զինվորների միջոցով, և նրանք էլ պետք է որոշեն դրա ճակատագիրը

Հողը ազատագրել է ժողովուրդը՝ իր զինվորների միջոցով, և նրանք էլ պետք է որոշեն դրա ճակատագիրը

Նախ, միայն այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթը այսքան բուռն արձագանքի է արժանանում՝ նշանակում է, որ նա մնում է քաղաքական օրակարգի բաղկացուցիչ: Տարիքը, իսկապես, կապ չունի:
Երկրորդ, ակնհայտ է, որ նրա կարծիքը կիսողներ կան հասարակության մեջ՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա: Բայց ակնհայտ է նաև, որ այդ կարծիքը կիսողները փոքրամասնություն են կազմում՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա:
Հիմա բուն ելույթի որոշ դրույթների հետ անհամաձայնությանս մասին: Հենց հաշվի առնելով մեր տարածաշրջանի վիճակը՝ Հայաստանին պետք է ազգ-բանակ, ռազմականացված պետություն, ամրոց-պետություն բառերով բնորոշվող, միևնույն բովանդակությունը ենթադրող համակարգը: Որը իր մեջ ներառում է ոչ միայն ռազմական բաղադրիչ, այլ, առաջին հերթին, երկրում սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական բաղադրիչներ:
Ուկրաինան էլ հրաժարվեց «ազատագրված հողերից»՝ միջուկային զենքից և գերհզորների կողմից երաշխիք ստացավ: Արդյունքը մեր առջև է՝ Ղրիմը ձեռքից գնաց, մնացածի համար էլ պայքարում է: Մեր պարագայում պայքարը ոչ թե ԼՂԻՄ տարածքի համար է լինելու՝ այն «պարկի» մեջ հայտնվելով շատ արագ կվերանա, այլ Հայաստանի Հանրապետության տարածքի:
Արտագաղթի հետ կապված էլ: Իհարկե, չեմ կարող ժխտել, որ պատերազմի պատճառով բազմաթիվ մարդիկ արտագաղթեցին 90-ականների սկզբին: Բայց ժողովրդի ճնշող մեծամասնությունը ոչ միայն մնաց, այլ նաև չնայած սոցիալ-տնտեսական ծանր պայմաններին՝ հերոսաբար պայքարեց և հաղթեց: Արտագաղթի մեծ ալիքը սկսվեց կռվից հետո՝ և դա ուներ բարոյահոգեբանական պատճառ՝ ինչպես հիմա:
Եվ վերջում: Հողը ազատագրել է ժողովուրդը՝ իր զինվորների միջոցով, և նրանք էլ պետք է որոշեն դրա ճակատագիրը: Գոնե մի քանի ամսվա առաջվա տվյալներով՝ ապրիլի տվյալներով, նրանք հանձնելու ոչ մի ցանկություն չունեն: Վկա Աբաջյանի խոսքերը:

P.S. 1000 դրամի վերաբերյալ կարծիքի հետ համաձայն եմ:

Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը