Կարծիք

15.12.2016 15:02


Հայկ Խանումյան. «Արցախի սահմանադրական փոփոխությունների նախագծի հեղինակին ոգեշնչել է Զիմբաբվեի փորձը»

Հայկ Խանումյան. «Արցախի սահմանադրական փոփոխությունների նախագծի հեղինակին ոգեշնչել է Զիմբաբվեի փորձը»

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ելույթն Արցախի ԱԺ լիագումար հերթական նիստում.

Հարգելի՛ գործընկերներ,

Օրերս հայտնի դարձավ, որ Զիմբաբվե առաջնորդ, 92-ամյա Ռոբերտ Մուգաբեն որոշել է առաջադրվել այդ երկրի 2018թ. նախագահական ընտրություններին: Պարզաբանեմ, թե ինչով է այս լուրը գրավել իմ ուշադրությունը:

Մուգաբեն դարձել է Զիմբաբվեի վարչապետ 1980թ., իր կուսակցությունը հաղթել էր այդ երկրի խորհրդարանական ընտրություններում: Ընդդիմության դեմ ճնշումները, այլընտրանքի ոչնչացումը, ռեսուրսների կենտրոնացումը բերեց նրան, որ Մուգաբեն 1987թ. որոշեց փոխել երկրի սահմանադրությունը, վերացրեց վարչապետի պաշտոնը, իսկ ինքը դարձավ նախագահ: Քաղաքական համակարգի ոչնչացումից հետո սահմանադրական փոփոխությունները սկսեցին առնչվել մարդկանց հիմնական իրավունքներին: Օրինակ, 1998թ. նրա առաջարկած սահմանադրական փոփոխություններով հնարավորություն էր տրվում ֆերմերների հողերը առգրավել առանց փոխհատուցման: 2008թ. սահմանադրական փոփոխություններով Մուգաբեն կարող էր նախագահի պաշտոնում նշանակել իրավահաջորդ, եթե ինքը որոշել է հեռանալ մինչև իր նախագահական ժամկետի լրանալը: Եվ 2008թ. սահամանադրության կարևորագույն փոփոխությունը՝ դրանք հնարավորություն էին տալիս նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակ:

Բնականաբար, այս գործողություններն ու փոփոխությունները կատարվում էին ոչ թե իշխանության վերարտադրության, այլ զուտ «հայրենասիրական» նպատակներով: Արդյունքները սպասեցնել չտվեցին: 1980թ. Զիմբաբվեն Աֆրիկայի ամենազարգացած երկիրն էր, այսօր՝աշխարհի ամենաաղքատ երկիրը: Ծայրահեղ աղքատության մեջ է 12 մլն բնակչության 10 միլիոնը, գործազրկությունը կազմում է 85 տոկոս, հիպերինֆլյացիայի գծով Զիմբաբվեն համաշխարհային ռեկորդներ է սահմանել՝ 2009թ. ինֆլյացիան հասել է 321 մլն տոկոսի: Արդյունքում հրաժարվել են ազգային արժույթից և շրջանառում են ինչ արժույթ պատահի: Ինչպե՞ս կարելի է նման պայմաններում թողնել իշխանությունն ու գնալ: Կա ու՞մ պետք է գտնեն Զիմբաբվեում առավել արժանավոր, քան Մուգաբեն է: Դրա համար էլ Մուգաբեն անձնազոհաբար հայտարարել է, որ 2018թ. առաջադրվելու է նախագահական ընտրություններում: Իշխող «Աֆրիկյան ժողովրդի միություն» կուսակցությունը հայտարարել է, որ սատարելու է Մուգաբեին, քանզի գործող նախագահը խելամիտ է կառավարում երկիրը:

Զիմբաբվեի օրինակը բերելով ամփոփեմ, որ հասարակությունները, զիջելով քաղաքական իրավունքներ, աստիճանաբար զիջում են բոլոր իրավունքները, այդ թվում մարդու հիմնական իրավունքները: Սա չգրված օրենք է, պատմական օրինաչափություն:

Եվ մեկ եզրահանգում ևս: Ես երկար ժամանակ ուզում էի հասկանալ, թե որտեղից է գալիս Արցախի սահմանադրական փոփոխությունների նախագծում ամրագրված խորհրդարանական և նախագահական ընտրությունների միաժամանակյա անցկացման անհեթեթ դրույթը: Այսօր վստահաբար կարող եմ նշել՝ Արցախի սահմանադրական փոփոխությունների նախագծի հեղինակ Հրայր Թովմասյանին ներշնչել է Զիմբաբվեի սահմանադրական փոփոխությունների փորձը:

Հայկ Խանումյան

15 դեկտեմբերի, 2016թ.

Այս խորագրի վերջին նյութերը