Մեկնաբանություն

15.12.2016 00:05


Սերժ Սարգսյանը և մշակույթը

Սերժ Սարգսյանը և մշակույթը

Այն, որ Սերժ Սարգսյանը վախենում և խուսափում է մամուլի ասուլիսներից (եթե չասենք՝ խորշում է), հայտնի է բոլորին:

Երկրի ղեկավարման ավելի քան 8 տարիների ընթացքում ՀՀԿ ղեկավարը ընդամենը երկու անգամ է ասուլիս տվել: Մեկը ցամաքում, մյուսը՝ օդում: Առաջինի դեպքում միայն հաջորդ օրը թույլատրեց, որ այդ ասուլիսը եթեր գնա (չլսված բան), և դա այն պարագայում, որ յուրային լրատվամիջոցների ներկայացուցիչների էր հրավիրել՝ նախապես բաժանված հարցերով: Երկրորդի դեպքում ասուլիսի բոլոր մանրամասները բծախնդրորեն բեմադրված էին, և այն տեղի ունեցավ ինքնաթիռում (երբ Սարգսյանը Վիեննայից վերադառնում էր Հայաստան, ու դարձյալ մասնակից լրագրողները հատուկ ընտրված էին):

Սակավադեպ մամուլի ասուլիսների միջոցով հանրության հետ Սերժ Սարգսյանի «շփումն», այսպիսով, կարելի է համարել չկայացած: Հրավիրողի կողմից ցանկության բացակայության կամ գերզգուշավորության, կասկածամտության պատճառով: Դե հիմա՛: Մարդը ժողովրդի հետ որևէ ձևաչափով «շփումներից» խուսափում է: Ամեն մարդ բարդույթների մի «փունջ» ունի: Սա՛ էլ համարենք նրա բարդույթներից մեկը: Թեպետ, ի պաշտոնե պարտավոր է բարդույթներից ձերբազատվել: Բայց դե, արդեն ուշ է. նախագահության երկրորդ ժամկետն է լրանում շուտով:

Նա իր «ափսեի մեջ է», երբ համագումարների ամբիոնից կամ Բաղրամյան 26-ի դահլիճներից մեկում ճառեր է ասում, որոնք համարում է անառարկելի, և դրանց բովանդակության վերաբերյալ հարցեր տալու իրավունք ոչ ոք չունի: Պարզվում է՝ այս ամենն այլևս չի զարմացնում: Չի զարմացնում, քանի որ հիմա արդեն Սերժ Սարգսյանը մշակույթի գործիչների հետ հանդիպումներն էլ է փակ ռեժիմով անցկացնում (ինչպես անվտանգության խորհրդի նիստերը):

Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ: Նախագահականի կայքում այս հանդիպման մասին փոքրիկ լուրից և լուսանկարներից բացի՝ ուրիշ ոչինչ չկա: Ոչ մի տեսանյութ տեղադրված չէ նախագահականի կայքում, որպեսզի մարդիկ դիտեն ու տեղեկանան, թե, ի վերջո, այդ մշակույթի գործիչներն ի՞նչ խնդիրներ են քննարկել Սերժ Սարգսյանի հետ, ի՞նչ հարցեր են ուղղել նրան: Միայն մի լրատվամիջոցի է արտոնվել մի քանի րոպեանոց տեսանյութ տարածել, որում տեսնում ենք երկու արվեստագետի, որոնք բաժակաճառային մակարդակով փոքրիկ խոսք են ասում: Ինչից կարելի է ենթադրել, որ ողջ հանդիպումը այդ «ոգով» է ընթացել: Ստեղծագործական միությունների, թատրոնների ղեկավարները, երաժիշտ-կատարողները, գրականության «դեմքերը» հասել են Արցախ, որ գովաբանեն Սերժ Սարգսյանին:

Ի դեպ, կարծես թե Արցախում էլ մտավորականություն չկա. արցախցի ոչ մի մշակույթի գործչի չենք տեսնում լուսանկարներում և լրատվամիջոցի տարածած մի քանի րոպեանոց տեսանյութում: Պատկերը, հանդիպման մթնոլորտը հուսահատեցնող են: Հարցն այն չէ, որ երկրին ու ժողովրդին հուզող հարցերը հայոց մտավորականության մտահոգության «ծիրում» չեն (երբեք էլ չեն եղել):

Նժդեհը հայ մտավորականությանը ժամանակին ճշգրիտ բնորոշել է. «Հայ ստամտավորականը... Նա չսիրեց վտանգը, փախավ հերոսներ կրթող ազնվական վտանգից և իր երկչոտությամբ հաճախ վտանգեց իր ժողովրդի ապագան: Երեկ պարտվողական էր, այսօր նաև երկչոտության քարոզիչ: Նրա համար հերոսը արկածախնդիր է, իդեալիստը` տխմար, վախկոտը` խոհեմ, սրիկան` գործի մարդ: Քաղաքացիորեն անարի է նա, զզվելիորեն անարի. նրան անգամ պաշտոնապես չի կարելի տեսնել արդարների ու լավերի կողքին: Եվ այդ է պատճառը, որ այսօր հայ իրականության մեջ ամեն քայլափոխում վատությունն է դարանակալ, որ աղվեսներն առյուծներ են խեղդում, սինլքորները Հիսուսներ են խաչում»:

Հե՛նց այսպես էլ իրենց պահել են հավաքվածները, որոնց համար «ամենասուր» հարցն այն էր, թե ինչու է Սերժ Սարգսյանն Արցախում: Վերջինս էլ պատասխանում է, որ բանակցային գործընթացում ոչ մի նոր բան չկա, իրավիճակը սահմանում լարված չէ․ «Դրա համար էլ այստեղ եմ»:

Է՛հ, եթե ամեն ինչ լավ է, այդ շոուն ինչո՞ւ էիք կազմակերպել: Ավելին՝ եթե հանդիպումն անցել է «անկեղծ, նորմալ» մթնոլորտում (դե, ներկաները շնչել ու արտաշնչել են Սարգսյանի թույլտվությամբ), մշակույթի գործիչներն իրենց խնդիրներն են ներկայացրել, ապա ինչո՞ւ ամբողջական տեսագրությունն ու տեսանկարահանումը չկան: Ինչո՞ւ է հանրությունից թաքցվում ամբողջական տեսանյութը: Հայ մշակույթի գործիչներից ինչ-որ վտանգավոր վարքագիծ կամ «թարս» հարցեր սպասելն անմտություն է: Ամպհովանի բռնելը՝ միանգամայն սպասելի: Ուրեմն, ինչի՞ց եք վախեցած, որ հանրությունից գաղտնի եք պահում այդ հանդիպման ողջ «հմայքն ու թշվառությունը»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը