Մեկնաբանություն

14.12.2016 11:15


Իշխանության «քաղած դասը»

Իշխանության «քաղած դասը»

Երբ դու ՀՀ Զինված ուժերում «ծառայելուն» զուգահեռ՝ զբաղեցրել ես ՀՀ պաշտպանության նախարարի ռեֆերենտի պաշտոնը: Այսինքն՝ հայրենիքի հանդեպ քո պարտքը կատարելու փոխարեն, կաբինետային տաքուկ «անկյունում» նստած, զբաղվել ես գրագրությամբ: Երբ դու այսօր էլ հայոց բանակին զինվոր չես տվել (նախախնամությունը շռայլ է գտնվել, միայն դուստրեր է պարգևել քեզ), շա՜տ հեշտ է ընկնել բարոյախրատական զեղումների գիրկը և հանրությանն «ուսուցանել», թե նա ինչպես պետք է բնորոշի ապրիլյան պատերազմի զոհերին:

Խորհրդարանի ամբիոնից պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «սխալների ուղղում» է անում և բոլորիս սովորեցնում է, թե ինչպես պետք է ներկայացնել ապրիլյան պատերազմում զոհված ավելի քան 100 զինվորներին ու զինծառայողներին:

«Մի՛ ասեք ապրիլյան պատերազմի զոհեր, ասե՛ք հերոսներ, նրանք հերոսներ են, զոհեր չեն: Չպետք է ասել զոհեր, պետք է ասել հերոսնե՛ր»,-համարյա պաթետիկ տոնայնությամբ նույն միտքը «մեխում» է մեր ուղեղի մեջ: Ինչպիսի՜ «մեծարում», «բարոյական նշաձող» սահմանելու ինչպիսի՜ նախաձեռնողականություն:

Ուրեմն, ապրիլից անցել է ավելի քան 8 ամիս, և այս ողջ ընթացքում իշխանությունը միայն ա՛յս «դասն է քաղել»: Զոհեր չեն, հերոսներ են: Վա՛խ, վա՛խ, վա՛խ: Տես, է՛, որքա՜ն են արժեվորում մեր զինվորին: Համարյա փշաքաղվելու բան: Կարելի է կարծել՝ այդ ջահելները չեն զոհվել. ապրում են ու կենդանի հերոսներ են:

Բանակը 80-ականների զենք-զինամթերիքի հույսին թողած Սերժ Սարգսյանին միա՛յն հերոսներ են պետք: Ո՛չ զոհեր: Հավանաբար, լրջորեն համոզված է, որ իր նախագահության տարիներին զոհեր չեն լինում: Լինում են միայն հերոսներ: Այս պարագայում խնդիրը թեթևանում է. զոհերի մեղքը իշխանության վզին է, նրանց ընտանքիների առջև պատասխանատու է իշխանությունը, որը, կարելի է ասել, անտերության է մատնել Զինված ուժերը և շարունակել թալանել ու հարստանալ՝ հույսը դնելով «մարտական ոգու» վրա: Իսկ եթե ասում ես հերոս, ազգն ուշաթափվում է, ու ի՛նքն է տեր կանգնում հերոսներին: Դե, հերոս սիրող ազգ ենք, էլի:

Վիգեն Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից «զոհ-հերոս» բնորոշումների հստակեցման փոխարեն ճիշտ կաներ՝ բացատրեր, թե ինչպես եղավ, որ 4 օրում զոհերի այդպիսի արտառոց թիվ արձանագրվեց: Թե չէ, ինքն էլ, իշխանությունն էլ ոչ զոհված զինվորի և ոչ էլ հերոս զինվորի տերն են: Մանավանդ երբ ՀՀԿ-ում լիքը «հերոսներ» կան՝ Նժդեհի, Անդրանիկի, Մարշալ Բաղրամյանի մեդալներով զարդարված:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը