Մեկնաբանություն

13.12.2016 00:25


Ովքեր և ինչու են անհանգստացած սփյուռքահայերի ակտիվացումից

Ովքեր և ինչու են անհանգստացած սփյուռքահայերի ակտիվացումից

Իշխանության վարքագիծն արդեն ծիծաղելի է: Կան իշխանական գործիչներ, որոնց, հավանաբար, հանձնարարել են օրական միլիոն անգամ ասել նույն բանը, որը մոտավորապես այսպիսին է. «Առաջինը մենք ենք պայքարելու ընտրախախտումների դեմ: Մենք ենք շահագրգռված, որ ընտրությունները լինեն անբիծ, մաքուր, անարատ: Առաջինը մեզ է մտահոգում ընտրակեղծիքների խնդիրը, և մենք ենք առաջինը պայքարելու դրանց դեմ ու թույլ չենք տալու ոչ մի խախտում: Այնպես որ, թող ոչ ոք մեզ խորհուրդ չտա. ընտրական գործընթացը վերահսկելու հարցում մենք վճռական ենք տրամադրված, և առաջինը մենք ենք օրենքի շրջանակներում վերահսկելու ընտրությունները»:

Նույնիսկ թվում է, թե իշխանական այդ գործիչներին քնից երբ արթնացնես՝ անգիր այս տեքստն են ասելու: Այնքան են արդեն հոգնեցրել իրենց կեղծ երդումներով, որ թվում է՝ քնի մեջ էլ նույն բանն են զառանցում:

Ակնհայտ է, որ սփյուռքահայության շրջանում ձևավորված «Արդարություն Հայաստանում» արշավը խաթարել է իշխանության անդորրը: Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները վերահսկելու նախաձեռնությամբ հանդես եկած սփյուռքյան հանրահայտ դեմքերի, ինչպես նաև նրանց միացած հայաստանյան շատ գործիչների մտադրությունն ու ցանկությունը ոչ միայն իշխանության սրտով չեն, այլև արդեն սկսել են ինչ-որ պահանջներ ներկայացնել «Արդարություն Հայաստանում» արշավի հեղինակներին: Էդուարդ Շարմազանովն ասում է․ «Եթե միջամտելու են, ով ուզում է՝ լինի, անընդունելի է: Ամենաշատը մենք ենք պայքարելու խախտումների դեմ ու դա արդեն ապացուցել ենք Ընտրական օրենսգրքի ընդունումով: Կարծում եմ՝ վերահսկողների պակաս չունենք: Բայց օժանդակողների կարիք շատ ունենք»:

Իշխանությանը թվում է, թե Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը կամ Արսինե Խանջյանը գալու են Հայաստան ու սկսելու են ընտրատեղամասերում լույսերն անջատել կամ խրձով քվեարկած քվեաթերթիկներ գցել քվեատուփերի մեջ, և կամ մինչ այդ 5-10 հազարական դրամներ են բաժանելու ընտրողներին, ու հենց իրենք էլ «Գազել»-ներով ընտրողներին տեղափոխելու են ընտրատեղամասեր: Դե, այն ամենը, ինչ անում է ՀՀԿ-ն, վերջինիս պատկերացմամբ, «միջամտելը» հենց նման քայլերն են:

Իսկ ավելի ճիշտ՝ Շարմազանովին և նրա կուսակցությանն առավելապես մտահոգում է «Արդարություն Հայաստանում» արշավի մասնակիցների «միջամտությունը» վերը նկարագրված խայտառակ գործողություններին՝ դրանք կանխելու ուղղությամբ: Եթե մարդիկ դիտորդական առաքելություն են իրականացնելու, ապա հե՛նց նման «միջամտությունը» պետք է լինի առաջնայինն ու կարևորը: Իսկ ի՞նչ է՝ Սփյուռքից գալու են ու աչքերը փակած մտնեն տեղամասե՞ր: Այդ հեղինակավոր մարդկանց խնդիրը հե՛նց նման անօրինական գործողությունները կանխելն ու արձանագրելը պետք է լինի: Հո չե՞ն գալու նստեն ու սուրճ խմեն: Եթե կարուսելների ու մնացած ապօրինությունների դեպքում չեն միջամտելու, ապա ինչո՞ւ են գալիս:

Արշավի մասնակիցների «միջամտությունն» անընդունելի համարող Շարմազանովը նախ թող մտածի այն մասին, որ նույն Սփյուռքի տրանսֆերների շնորհիվ է Հայաստանում նվազում կամ աճում աղքատության տոկոսը: Ինչը ՀՀԿ համագումարում ակամա բացահայտեց Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով, որ աղքատության վիճակը հիմնականում պայմանավորված է փոխանցումների քանակով. «Բավական է նշել, որ եթե 2008 թվականին ֆիզիկական անձանց անունով Հայաստան կատարված փոխանցումների ծավալը 2.3 միլիարդ դոլար էր, ապա 2009 թվականին այն կտրուկ նվազեց՝ հասնելով տարեկան 1.6 միլիարդի։ Ավելին՝ 2015 թվականին, հաջորդ ճգնաժամի հետևանքով, նույն ցուցանիշով ունեցանք արդեն կես միլիարդ դոլարի անկում։ Նույն միտումը շարունակվում է նաև այս տարի»։

Այսինքն՝ Սփյուռքի տրանսֆերների հետ են կապում աղքատության խնդրի լուծումը: Ուրեմն, Սփյուռքն էլ լիարժեքորեն իրավունք ունի միջամտելու ընտրական գործընթացին: Բա չիմանա՞ն՝ իրենց ուղարկած փողերով ինչու Հայաստանում այդպես էլ արդարություն չի հաստատվում, ինչու են շարունակաբար կեղծվում ընտրությունները, և վերարտադրվող իշխանությունը չի կարողանում լուծել աղքատության խնդիրը: Եվ ոչ միայն այդ խնդիրը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը