Կարծիք

12.12.2016 08:22


Էս մթանը, ցրտին, ձեռնոցներով նվագում էին...

Էս մթանը, ցրտին, ձեռնոցներով նվագում էին...

Մի երկու ժամ առաջ «Արամ Խաչատրյան» համերգասրահից դուրս եկանք ու տեսանք, որ հարակից հատվածում սկսել են տոնածառի տեղադրման աշխատանքները:
Էս մթանը, ցրտին տոնածառի տեղադրման պահը բաց չթողնելով, քիչ այն կողմ՝ էն Արգիշտի արքայի ժամանակների նստարանների վրա, հավեսով տեղավորվել էր մի «դաստա»՝ ակորդեոնով, կլառնետով, դհոլով: «Բուշլատները» հագած «մուզիկանտները» էնպիսի մի շախով էին նվագում, որ նրանց շրջապատած մի քանի տաքսիստ քիչ էր մնում՝ պարեին:
Մի քիչ մոտեցա, տեսնեմ՝ ակորդեոնի պատյանը բացել ու փող են հավաքում:
Էս մթանը, ցրտին, ձեռնոցներով նվագում էին...
Ոնց որ էն «Մեղեդի ֆլեյտայի համար» ֆիլմի հայտնի դրվագում...
Քաղաքային իշխանությունը տոնածառ էր տեղադրում, էս մարդիկ էլ գործիքներն առել ու վազել էին այդտեղ՝ կարծելով, թե վայրն ու պահը շատ հարմար է, ու իրենք մի քիչ փող «կաշխատեն»:
Մեկ էլ սկսեցին «Հարսի պարը» նվագել: Հարցրի.
- Էս ո՞ւմ եք հանում տնից, որ էս պարն եք նվագում:
- Քո՛ւր ջան, էլ ո՞վ ունենք տունը մնացած: Չգիտե՞ս...Էս ղեկավարությունը...Նվագենք, բալքի կարանանք սրանց տնից հանենք, - պատասխանեց դհոլչին:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը