Կարծիք

10.12.2016 22:19


«Համը հանեցիր, Խորի՛կ, ինչո՞ւ առաջ ընկար, մենք պետք է մեռնեինք»

«Համը հանեցիր, Խորի՛կ, ինչո՞ւ առաջ ընկար, մենք պետք է մեռնեինք»

2004 թվականի այս օրն այնքան լավ եմ հիշում: Կեսօր էր ու հեռախոսազանգը ցնցեց ինձ: Ես այդ պահին Ազգային Ակադեմիայի կլոր սրահում էի, որտեղ սկսվել էր ՀՀ Նախագահին կից ստեղծված Մշակույթի խորհրդի նիստը, որին մասնակցում էին այդ խորհրդում ընդգրկված գործիչներ, իշխանավորներ:

Զանգահարողը մի կերպ արտաբերեց նախադասությունը՝ «Խորիկն է մահացել»: Պապանձվեցի: Անկախ Հայաստանի կինոարվեստն ու թատերարվեստը կշռվում էր Խորիկով ու հիմա ամենածանր «կշռաքարը» չկա՛: Չկա նա, չկա ասպարեզը:
Նիստին ներկա մշակութային գործիչներից, իշխանավորներից ոչ ոք տեղյակ չէր: Մոտեցա նորանշանակ փոխքաղաքապետ Արման Սահակյանին և ասացի, որ մահացել է Խորեն Աբրահամյանը: Ջահել փոխքաղաքապետը մի կերպ թաքցրեց հուզմունքը, բայց ակնհայտորեն շոկի մեջ էր, վազեց դեպի ծառայողական մեքենան ու հեռացավ:
Քիչ հետո իմացա մանրամասները. գիշերն իր հայտնի «Նիվա»-ով Խորիկն ընտանիքի անդամներից մեկին տարել էր օդանավակայան, վերադարձել էր տուն, քնել ու....չէր արթնացել...
Հուղարկավորության օրը, Օպերայի հրապարակում Սոս Սարգսյանը համարյա գոռալով, ընկերոջ մահվան անհավանականությունից զայրացած ասաց՝ «Համը հանեցիր, Խորի՛կ, ինչո՞ւ առաջ ընկար, մենք պետք է մեռնեինք»:
Ասել, որ նա հզոր էր, նշանակում է ոչինչ չասել...
Ավելի քան 50 տարի նա իրենով լցնում և իմաստավորում էր հայոց բեմը, խելոքացնում հայոց կինոն և, նրանք, ովքեր Խորիկին բեմում չեն տեսել, չգիտեն ինչ բան է հայ թատրոնը:
Եվ զարհուրելին այն է, որ այդ մեծագույն տաղանդի դեմ քարեր էին նետում թատերական դաշտի ապաշնորհ առնետները, որոնք հիմա տնօրինում են այդ դաշտը:
Ինչպես Արարատին նետված քար...Կասեր բանաստեղծը...
Այդ ճղճիմ արարածներն անգամ թույլ չտվեցին, որ նրա դին գոնե մի քանի րոպե դրվեր Մայր թատրոնի բեմում, որտեղ Խորիկը ստեղծել է բացառիկ բեմադրություններ և դերակատարումներ...
Հանգամանքների բերումով 1990-ականների կեսերին Խորիկն ընտանիքով մեկնեց Ամերիկա եւ վերադարձավ 2000 թվականին: Եվ քանի որ Մայր թատրոնն այդ ժամանակ զավթել էր նրան ատողներից մեկը, մի ֆլոբերիկ, էս ֆլոբերիկն անգամ թույլ չտվեց, որ Խորիկն այդ բեմում ներկայացնի իր վերջին բեմադրությունը՝ «Խաղում ենք ջին» ներկայացումը: Մարդը ստիպված Դրամատիկական թատրոնի բեմում խաղաց, ես այդ ներկայացմանը նույնպես ներկա էի: Շշմելու խաղ:
Միտք ու երևակայություն, դեմք ու դիմագիծ չունեցող, հարմարվող ու քծնող թատերական այդ հնոտիները անհետ կորչելու են...
ԽՈՐԻԿՆ Է մնալու...

Հ.Գ. - 60 տարեկանում Խորիկը կրկին հայր դարձավ: Մենք նրա հարևանությամբ էինք ապրում և Արամը մեր աչքի առաջ էր մեծանում։

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը