Կարծիք

10.12.2016 13:57


Ինքներս պետք է թույլ չտանք, որ մեր իրավունքները ոտնահարվեն

Ինքներս պետք է թույլ չտանք, որ մեր իրավունքները ոտնահարվեն

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Մարդու լեզուն չի պտտվում այն տոն անվանել, քանի որ Հայաստանում մարդու հիմնարար իրավունքների խախտումը կրում է համատարած բնույթ։ Գիտեմ, հանրապետականները կհամեմատեն մեր վիճակը հարևան Ադրբեջանի հետ ու կասեն, որ այս առումով մենք առաջ ենք ադրբեջանական սուլթանատից։ Բայց դա ոչինչ չի նշանակում, քանզի մարդու իրավունքները բացարձակ և հիմնարար արժեք են։ Չի լինում այնպես, որ մարդու իրավունքները քիչ կամ շատ պաշտպանված լինեն։ Դրանք կամ հարգվում ու պաշտպանվում են, կամ էլ ոչ։

Եվ այս առումով մենք գրեթե ոչնչով չենք տարբերվում Ադրբեջանից։ Պարզապես Ալիևին սեփական իշխանությունը պահելու համար անհրաժեշտ է ավելի շատ խախտել սեփական քաղաքացիների իրավունքները, քան նույն Սերժ Սարգսյանին։ Բայց երբ պահը գալիս է, նա էլ չի զլանում ոստիկանական բանակն ու նռնակները կիրառել անզեն քաղաքացիների դեմ։ Իսկ քանի՞ անգամ ենք մենք ընտրության միջոցով իշխանություն ձևավորել։ Չէ՞ որ դա էլ է մարդու հիմնարար իրավունքներից։

Իսկ արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք ունենալու իրավո՞ւնքը։ Երեք օր առաջ Սպիտակի երկրաշարժի հերթական տարելիցն էր, և փաստեցինք, որ այս տարի էլ անօթևանների հարցը չի լուծվել։ Բա 1 մլն աղքատ մարդի՞կ։ Ադրբեջանում էլ ասում են՝ մոտ 1 մլն մարդ ապրում է ժամանակավոր կացարաններում։ Ալիևը դա օգտագործում է հայերի դեմ ատելությունը խորացնելու համար։ Իսկ մեր իշխանությունները պարզապես թքած ունեն Հայաստանի քաղաքացիների ու նրանց իրավունքների վրա։ Պատճառները տարբեր են, արդյունքը՝ նույնը։

Իհարկե, շատ բան մեզանից է նաև կախված։ Մենք ինքներս պետք է թույլ չտանք, որ մեր իրավունքները ոտնահարվեն։ Այո, մենք չունենք անկախ և արդար դատական համակարգ, չունենք լեգիտիմ իշխանություն, բայց այդտեղ նաև մեր մեղքի բաժինը կա։ Եվրոպական երկրները, որ այսօր հպարտանում են իրենց իրավական համակարգով, միշտ չէ, որ այդքան ժողովրդավար են եղել, մարդու իրավունքներն էլ ոչ միշտ են եղել իրենց համակարգի անկյունաքարը։ Բայց այդ ժողովուրդները ստիպել են իրենց իշխանություններին հաշվի նստել իրենց շահերի, իրենց իրավունքների հետ։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը