Քաղաքական

09.12.2016 08:57


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էրոն, Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը հայտարարություն են ընդունել, որում ասվում է, որ իրենք լիովին հավատարիմ են մնում ղարաբաղյան հակամարտությունը բանակցությունների ճանապարհով կարգավորելուն։

Նշվում է, որ ապրիլին շփման գծում բռնության կտրուկ էսկալացիայի համատեքստում իրենք մտահոգություն են հայտնում շարունակվող զինված միջադեպերի՝ այդ թվում ծանր սպառազինման գործածման մասին հաղորդագրությունների առթիվ, վճռականորեն դատապարտում են ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը։

«Այս հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի, ու քաղաքացիական անձանց մահերը կամ վիրավորումները ոչ մի արդարացում չունեն։ Մենք նաև տեղյակ ենք այն վայրագությունների մասին, որոնք իրականացվել են մարտի դաշտում ապրիլին և վճռականորեն դատապարտում ենք դրանք։ Մենք կողմերին ենք դիմում, որպեսզի նրանք հաստատեն իրենց հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը, որպես տարածաշրջանի ժողովուրդների միջև իրական հաշտեցում ապահովելու միակ միջոց։ Մենք նաև կոչ ենք անում խստորեն հետևել 1994-ի և 95-ի հրադադարի մասին համաձայնագրերին, որոնք հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման հիմքն են»,-ասվում է հայտարարության մեջ։

Նաև կոչ է արվել հարգել այն համաձայնությունները, որոնք արտացոլված են մայիսի 16-ին Վիեննայում ու հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ընդունված համատեղ հայտարարություններում։ Նրանք ողջունել են կողմերի առաջընթացը Կամիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհետ կորածների մասին տվյալների փոխանակության իրականացման գործում։ Կողմերին կոչ է արվել վերացնել բոլոր մնացած խոչընդոտները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման ճանապարհին ու հասնել առաջընթացի միջադեպերի հետաքննման ԵԱՀԿ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկության հարցում։

«Առաջարկները պետք է իրականացվեն կարգավորմանն ուղղված բանակցությունների անհապաղ վերականգնման հետ միասին։ Մենք կցանկանայինք կրկնել մեր կոչը Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդներին՝ դրսևորել ճկունություն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ ընթացիկ աշխատանքային առաջարկների հիմքով դեպի կայուն կանոնակարգում առաջ շարժվելու հաստատուն նպատակով։ Եթե չհաջողվի առաջընթացի հասնել բանակցություններում, բռնության վերականգնման հեռանկարները միայն կաճեն, ու կողմերը դրա համար ամբողջական պատասխանատվություն կկրեն»,-ասված է հայտարարությունում։

Նաև նշվում է, որ կանոնակարգումը պետք է հիմնված լինի Հելսինկյան ամփոփիչ ակտի հիմնական սկզբունքների վրա՝ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշումը, նաև լրացուցիչ տարրեր, որոնք «առաջարկվել են համանախագահող երկրների նախագահների կողմից, այդ թվում Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները Ադրբեջանի հսկողությանը վերադարձնելը, Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակը՝ անվտանգության ու ինքնակառավարման երաշխիքներ ապահովելու համար, միջանցքը, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա որոշումը պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի ճանապարհով, բոլոր ներքին տեղահանվածների ու փախստականների վերադարձի իրավունքը նախկին բնակության վայրեր ու անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղության պահպանմանն ուղղված գործողություններ»։

Համանախագահող երկրները պատրաստակամություն են հայտնել ընդունել Սարգսյանի և Ալիևի հանդիպումը, երբ նրանք պատրաստ կլինեն դրան։

«Նրանք առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է բանակցություններ անցկացնեն բարի կամքի ոգով։ Նրանց միջև անընդմեջ ու ուղիղ երկխոսությունը, որը անցկացվում է համանախագահների հովանու ներքո, մնում է վստահության ամրապնդման ու խաղաղ գործընթացն առաջ տանելու կարեւորագույն տարրերից մեկը»,- նշված է հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը