Կարծիք

04.11.2010 16:14


Աստրախան չգնալու երեք հիմնավոր պատճառ

Աստրախան չգնալու երեք հիմնավոր պատճառ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացել է եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև։ Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը դրանից միայն մի քանի օր առաջ տարածեց այդ հանդիպման մասին լուրը, նշելով, որ «կողմերը կշարունակեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ»: Նախագահ Սարգսյանի մամլո խոսնակը հավելեց, որ Աստրախանի հանդիպումն անակնկալ չէր, այլ «սովորական ռեժիմով կազմակերպված հանդիպում է, ինչպես նախորդ բոլոր հանդիպումները»:

Եվ միայն հոկտեմբերի 26-ին, երբ ադրբեջանական լրատվամիջոցները լուր տարածեցին, որ հոկտեմբերի 27-ին Աստրախան քաղաքում նախագահներ Դմիտրի Մեդվեդևի ու Իլհամ Ալիևի մասնակցությամբ բացվելու է Հեյդար Ալիևի հուշարձանը, պարզ դարձավ, թե ինչու է նախագահների եռակողմ հանդիպումը տեղի ունենում հե՛նց Աստրախանում։ Այսինքն, քանի որ Մեդվեդևն ու Ալիևը Աստրախանում են, ապա ինչո՞ւ չօգտագործել առիթն ու կազմակերպել ղարաբաղյան կարգավորման հերթական բանակցությունները։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակացույցից երևում է, որ դրանց մեծ մասը տեղի է ունեցել միջազգային հանդիպումների շրջանակներում՝ ԱՊՀ գագաթաժողովներ, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջաններ, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի բարձր մակարդակի հանդիպումներ։ Այդպես էր Լևոն Տեր-Պետրոսյանի, այդպես էր Ռոբերտ Քոչարյանի, այդպես է նաև Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին։ Աստրախանի հանդիպումը կայանում է Հեյդար Ալիևի հուշարձանի բացման շրջանակներում։ Եթե անգամ այդպես չէ, ապա այդպես է լինելու ընկալումը։

Հայկական կողմը (ցանկալի է՝ Լեռնային Ղարաբաղը, բայց սա խոսակցության այլ թեմա է), անշուշտ, պետք է ամեն ինչ անի, որ մասնակցի ղարաբաղյան կարգավորման բոլոր հանդիպումներին, որպեսզի միջազգային հանրությունը կասկած չունենա, թե Հայաստանը խոչընդոտում է, ձգձգում է, տապալում է բանակցային գործընթացը։ Սակայն հոկտեմբերի 27-ի հանդիպմանը հայկական կողմը կարող էր ներկայացնել լուրջ հիմնավորումներ, թե ինչու հե՛նց այդ օրը իր համար հարմար ժամանակ չէ։

Նախ, ինքնին, Հոկտեմբերի 27-ը արդեն մտել հայ քաղաքական պատմության օրացույց որպես նախադեպը չունեցող ոճրագործության օր, երբ մի քանի վայրկյանների ընթացքում գլխատվեց Հայաստանի պետական ու քաղաքական էլիտայի մի մասը, ընդ որում՝ ամենաազդեցիկ մասը։ Ամեն տարի այդ օրը Հայաստանի նախագահի՝ երկրից չբացակայելը ցանկալի է։

Երկրորդ պատճառը՝ հիմնականը, որը կարող էր արդարացնել հայկական կողմի չմասնակցությունը Աստրախանի հանդիպմանը, նախօրեին՝ հոկտեմբերի 26-ին, ադրբեջանական դիպուկահարի կողմից զոհ դարձած հայ երիտասարդի ողբերգական վախճանն է։ Ադրբեջանը վերջին ամիսներին անդադար խախտում է հրադադարի ռեժիմը, դիմում դիվերսիոն գործողությունների, որոնցից վերջինը տեղի ունեցավ նախագահ Մեդվեդևի միջնորդությամբ և մասնակցությամբ Սարգսյան-Ալիև Սանկտ-Պետերբուրգում այս տարվա հունիսի 17-ի եռակողմ հանդիպումից անմիջապես հետո։ Հենց այդ հանդիպման ընթացքում էր, որ Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ հասկացնել տվեց, որ չի կարող բանակցել այն փաստաթղթի հիմքով, որը ստացել է Նորացված Մադրիդյան անունը։ Ադրբեջանի հակազդեցությունը խիստ էր ու նյարդային․ նախագահ Ալիևը ուղղակիորեն կիսատ թողեց Սանկտ-Պետերբուրգ իր այցը և զայրացած վերադարձավ Բաքու։ Անմիջապես հետևեց ադրբեջանական զինված ուժերի իրականացրած դիվերսիան ղարաբաղ-ադրբեջանական շփման գծի Մարտակերտի հյուսիս-արևելյան հատվածում։ Արդյունքում, հայկական կողմը տվեց մի քանի զոհ։ Այս դեպքերից հետո հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը լարված է։

Եվ վերջապես երրորդ պատճառը, որը կարող էր հայկական կողմին հետ պահել Աստրախանի հանդիպումից, հենց նույն օրը նույն վայրում Հեյդար Ալիևի հուշարձանի բացումն է։

Նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստում հայտարարեց, թե «Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական հող է, և այդ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: «Այդ սկզբունքից դուրս չի կարող լուծվել ոչ մի հարց: Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի Ադրբեջանի պատմական հողերում ստեղծվի երկրորդ հայկական պետությունը: Առաջին հայկական պետությունը ստեղծվել է 1918թ․ ադրբեջանական հողերում' Երևանի խանության և Զանգեզուրի տարածքներում»:

Այսպիսի սադրիչ հայտարարությունից հետո անիմաստ է ակնկալել առաջընթաց։

Թաթուլ Հակոբյան

Ըստ civilitasfoundation.org–ի

Այս խորագրի վերջին նյութերը