Մեկնաբանություն

07.12.2016 00:05


Իշխանության հակասական հռետորաբանությունը

Իշխանության հակասական հռետորաբանությունը

100 օրական Կառավարություն է, բայց ձևավորման օրվանից մինչև հիմա ավելի ու ավելի ակնառու են դառնում ՀՀԿ-ի, նրա առաջնորդի և Կարեն Կարապետյանի հրապարակային հայտարարությունների միջև եղած հակասությունները: Վարչապետի պաշտոնում նշանակումից հետո՝ սեպտեմբերին, Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Բաց, ազնիվ ասում եմ՝ ռեալ մեր տնտեսության վիճակը ծանր է, չափազանց ծանր է»:

Սակայն նոյեմբերի վերջին ՀՀԿ համագումարում ՀՀ Սերժ Սարգսյանը ՀՀ տնտեսության մասով միանգամայն այլ պատկեր ներկայացրեց: Ի՞նչ ծանր, կամ չափազանց ծանր վիճակի մասին կարող է խոսք լինել, երբ, ըստ ՀՀԿ ղեկավարի, 2007-2015 թվականներին Հայաստանն ապահովել է 29.3 տոկոս տնտեսական աճ, իսկ ԱՄՀ-ի գնահատականներով՝ 32 տոկոս աճ՝ կրկնակի ու եռակի անգամ գերազանցելով Արևմտյան և Արևելյան Եվրոպաների ցուցանիշները:

Անհասկանալի է՝ հիմա Կարեն Կարապետյա՞նն է ճիշտ իր գնահատականներում, թե՞ Սերժ Սարգսյանը: Դեկտեմբերի 5-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հարցին, թե Հանրապետականին անդամակցելուց հետո Ձեր վարկանիշը, Ձեր կարծիքով, անկո՞ւմ է ապրելու, թե՞ ոչ, վարչապետ Կարեն Կարապետյանը անկեղծորեն պատասխանեց. «Կարծում եմ՝ այո՛»: Բայց դժվարացավ կանխատեսել, թե իր վարկանիշային անկումը որքան կլինի: Մինչդեռ, ընդամենը 10 օր առաջ, երբ վարչապետը անդամագրվեց ՀՀԿ-ին, հանրապետականները լույսի արագությամբ սկսեցին տարածել, թե Կարապետյանի՝ կուսակցությանը անդամագրվելուց հետո միանգամից 7 հազար մարդ է ՀՀԿ շարքերն համալրելու մասին դիմում ներկայացրել:

Եթե վարչապետն ինքն է խոստովանում, որ ՀՀԿ-ական դառնալուց հետո վարկանիշային անկում է ունեցել, ապա ինչպե՞ս է հնարավոր, որ այդքան մարդ անդամագրվի ՀՀԿ-ին: Հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե պահպանվեր և բարձրանար Կարապետյանի վարկանիշը: Բայց մարդն ինքն անկեղծորեն ասում է, որ իր անունը այդ ուժի հետ կապելուց հետո վարկանիշային կորուստ է ունեցել: Ուրեմն՝ հանրապետականները ստում են՝ ասելով, թե 7 հազար մարդ հետևել է Կարապետյանի օրինակին: Կամ էլ՝ այլ բան կա այս պատմության մեջ: Ինչևէ:

Լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Կարեն Կարապետյանը նաև խոստովանեց, որ կադրերի ընտրության հարցում դժվարություններ է ունեցել, ավելին՝ որոշակի թվով մարդկանց էլ ավանսով է պաշտոնի նշանակել: Նա բացահայտեց, որ տարբեր ոլորտների պատասխանատուների նշանակման հարցում ստիպված է եղել թեկնածուների միջև ընտրություն կատարել վատի ու վատագույնի միջև: Այսինքն՝ պրոֆեսիոնալիզմի պակաս է նկատել: Իսկ ՀՀԿ-ն երբե՛ք առիթը բաց չի թողնում սեփական կադրերին գովելու համար՝ մեծամտաբար հայտարարելով, թե «վունդերկինդեր» է արտադրում, որոնք մեկը մեկից հմուտ ու փորձառու են: Ավելին, ամեն անգամ ՏԻՄ ընտրություններից հետո ՀՀԿ-ն փքվում է, որ ՀՀ համայնքների 80 տոկոսում իրենց «անզուգական» թեկնածուներ են ընտրվել կամ վրընտրվել: Թե ինչպե՞ս: Բոլորին հայտնի է: Բայց ՀՀԿ-ն իրեն համարում է «բանիմաց ու իրավիճակին տիրապետող» կադրեր թրծող դարբնոց: Այնինչ, վարչապետը հազիվ է կարողացել կառավարման համակարգում եղած անձանց շարքից քիչ թե շատ տանելի մի քանի հոգու պեղել:

Մի խոսքով, վարչապետը լրիվ այլ «ակնոցներով» է նայում մեր իրականությանը, իսկ ՀՀԿ-ն ու նրա ղեկավարը՝ լրիվ այլ: Թե ինչու է այդպես ստացվել, առանձին թեմա է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը