Կարծիք

06.12.2016 11:29


Վտանգների խորությունը և մենք

Վտանգների խորությունը և մենք

Հայաստանյան քաղաքական պրոցեսների որակը և միտումներն իրենց մեջ տեսանելի վտանգներ են պարունակում։

Իշխող կուսակցության՝ որոշակի ավտորիտար հակումներով համագումարը, կարծում եմ, ցուցադրականության միտում ուներ։ Նույնը վերաբերում է մի քանի հազար քաղաքացիների՝ մեկ օրում կուսակցականացման փաստին։ Բոլորը հասկանում են, որ այդպես չի լինում։ Սա ուներ նպատակ՝ ցույց տալ ներիշխանական միասնական բուրգի առկայությունը և գերիշխող, ճնշող դիրքը քաղաքական պրոցեսների նկատմամբ։

Իրականությունն այն է, որ Հայաստանը մոտ ապագայում ստիպված է լինելու գնալ ոչ պոպուլյար, դժվար կամ գուցե չափազանց դժվար որոշումների ու քայլերի ճանապարհով։ Խոսքն առաջին հերթին տնտեսության և Ղարաբաղի խնդրի մասին է։

Նմանատիպ քայլեր կարող են անել միայն հասարակական մեծ վստահություն ունեցող իշխանությունները։ Շատ հաճախ հենց այդ պատճառով են աշխարհում լինում արտահերթ ընտրություններ, հրաժարականներ, կոալիցիաների փլուզումներ և նոր կոալիցիաների ձևավորում, ղեկավարների ինքնակամ հրաժարում՝ կրկին առաջադրվելու և վերարտադրվելու քայլից և այլն։

Աշխարհը վաղուց հասկացել է, որ հասարակություններին դժվար, բայց անհրաժեշտ, երբեմն՝ միակ ճիշտ ճանապարհով առաջնորդում են հենց վստահություն ունեցող իշխանությունները։

Հակառակ դեպքում պետությունները չեն գտնում լուծումներ, ետ են մնում զարգացման մեջ, իսկ մեր պարագայում՝ ուղղակի սրվում է պատմական ողբերգության հնարավորությունը։

Հայաստանում քաղաքական պրոցեսներն իրենց լրջությամբ ուղղակի համարժեք չեն առկա սպառնալիքներին։ Սա վտանգավոր իրականություն է, որը մենք համառորեն չենք ուզում տեսնել։ Պետական նոնսենս է՝ մենք «չենք տեսնում» վտանգները, բայց վտանգը մեզ տեսնում է, օր օրի՝ ավելի մոտիկից։

Վտանգի խորությունը պատկերացնելու համար ընդամենը պետք է սառը նայել իրականությանը և փորձել պատասխանել որոշ հարցերի.

1. 2018-2019-2020-2021 թվականներին Հայաստանն իր բյուջեից որքա՞ն գումար պետք է տրամադրի արտաքին պարտքի սպասարկմանը։ Սա ի՞նչ հետևանքներ է ունենալու տնտեսության վրա։ Ի՞նչ է լինելու սրա արդյունքում։

2. Ադրբեջանը զինվում է արագընթաց տեմպերով և պատրաստվում է նոր տեխնոլոգիաներով պատերազմի։ Որևէ կերպ չի թաքցնում իր մտադրությունները և փոխզիջման չգնալու իր մտադրությունը։

3. Հայաստանում արտագաղթի միտումները և հոսքերը չի հաջողվում մեղմել։

4. Հարավային Կովկասում մեր շուրջն ընթացող և առանց մեզ նոր, խորքային ինտեգրացիոն պրոցեսները՝ Իրան-Ադրբեջան-Վրաստան, Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան՝ նոր ճանապարհներ, նոր նախագծեր, որոնք մեզ համար կարող են դառնալ պատմական բարդագույն իրողություններ։


Իրավիճակ փոխելու, վտանգները գոնե մեղմելու համար Հայաստանն ունի շատ քիչ ժամանակ։ Հետաձգումների լիմիտը սպառվել է։

Եթե այս չորս կետերը չեն մտահոգում երկրի քաղաքական-հասարակական վերնախավին (խոսքը չի վերաբերում միայն իշխանությանը), կամ մտահոգում են, սակայն լուծումներ չեն առաջարկվում, ապա ամենահրատապ խնդիրը նոր վերնախավի ձևավորումն է, հակառակ դեպքում պատմությանը մեղադրելու իրավունք չունենք։

Վստահ եմ, որ ՀՀԿ համագումարում դահլիճում նստածներից շատերը ողջ խորությամբ հասկանում են խնդիրները, և այլ պայմաններում կարող են ու պե՛տք է օգտակար լինեն պետությանը։

Մեր երկրի առաջ կանգնած՝ բառիս բուն իմաստով կենսական վտանգներին, մարտահրավերներին դիմակայելու համար համապատասխան նոր պետական վերնախավ է պետք, որը կունենա նոր մտածողություն և նոր առաքելություն։

Սա է միակ ճանապարհը, բայց սա բավականին դժվար խնդիր է։ Եվ պետք է հասկանալ՝ որոնք են փոփոխությունների իրական ռեսուրսները։ Իմ համոզմամբ՝ դա կլինի մի քանի զուգահեռ պրոցեսների առկայության դեպքում։

Իշխանությունը պետք է փոփոխությունների ենթարկվի ներսից։ Դրա համար կան համապատասխան գիտակցությամբ և փորձով մարդիկ։ Բայց նրանք պետք է կարողանան ներիշխանական պրոցեսներում ուժեղանալ և դոմինանտ ուժ դառնալ։

Պետական համակարգում երկար տարիների աշխատանքի փորձ և գիտելիքներ ունեցող գործիչները, որոնք այժմ համակարգից դուրս են, պետք է կարողանան իրենց փորձն ու գիտելիքը որպես առավելություն օգտագործել և նոր որակ հաղորդել ոչիշխանական համակարգին՝ այն ավելի սոլիդ, ավելի զուսպ և ավելի ծրագրային դարձնելու համար։ Փորձն ու գիտելիքը շատ թանկ ռեսուրս են, դրանք պետք է ճիշտ օգտագործել. շատ մեծ է արմատական ընդդիմության՝ հեշտ ու ի սկզբանե դատապարտված ճանապարհով գնալու գայթակղությունը։

Նոր դեմքերի, նոր հայացքների, նոր արժեհամակարգով մարդկանց մուտք հանրային կյանք։ Ընդ որում՝ թե՛ իշխանություն, թե՛ ոչիշխանական համակարգ։

Այլ տեղ փոփոխությունների և առաջընթացի ռեսուրս պարզապես չկա։ Հասկանալի է, որ այս ամենը չի կարող մեկ օրում կատարվել, բայց չի կարող նաև անվերջ ձգվել. նոր պետական վերնախավի ձևավորման պրոցեսն արդեն ինքնին պետության առողջացմանը նպաստող գործընթաց է։

Ամփոփում


Հիմա համատարած է ընտրացուցակներում տեղի թեման։

Նույն մաշված անունները, իրենց շուրջը զրոյական առաջընթաց ապահովողները, իրենց միացած նոր սերնդի «իրենցնմանների» հետ հիմա կատաղի պայքար են մղում ցուցակների տեղերի համար։ Չեն խորշում որևէ մեթոդից։ Այս դաշտից առաջընթացի որևէ հույս չկա, և այստեղ մնում է ընդամենը հուսալ, որ ցուցակների հակամարտությունն այնուամենայնիվ կլուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Բայց այս ամենը որևէ կապ չունի պետության խնդիրների և նոր ձևավորվելիք վերնախավի գաղափարի հետ։

Վահե Հովհաննիսյան, ԱԺ պատգամավոր

«Համախմբում» կուսակցություն

Աղբյուրը՝ civilnet.am

Այս խորագրի վերջին նյութերը