Մեկնաբանություն

06.12.2016 00:05


Տարոն Մարգարյանը պատրաստվում է ընտրություններին

Տարոն Մարգարյանը պատրաստվում է ընտրություններին

Ափսոս, որ ՀՀԿ ղեկավարը «մարշրուտկաներից» չի օգտվում: Այլապես համագումարում կանդրադառնար նաև տրանսպորտի ոլորտին: Չէ՞ որ մենք, ըստ ՀՀԿ ղեկավարի, 21-րդ դարին համահունչ առաջանցիկ տեմպերով զարգանում ենք, իսկ քաղաքային տրանսպորտը չի կարող հետ մնալ: Եվ քանի որ Սերժ Սարգսյանը չհիշեց տրանսպորտի, մասնավորապես, «մարշրուտկաների» մասին, որոնցում ևս 80-ականներին բնորոշ վիճակ է, ավելի ճիշտ՝ այդ տրանսպորտային միջոցը «էշի կաշկա» է հիշեցնում, նրա փոխարեն այսօր տիրող իրավիճակը ներկայացնելիս «անկեղծացել» է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Դե, 2017-ի գարնան վերջին նախատեսված է անցկացնել Երևանի ավագանու կամ ավելի ճիշտ՝ «Տարոնի վերընտրությունը», և հիմիկվանից արդեն պետք է սկսել «անկեղծանալ»: Ասենք՝ ձեռքը խփել սեղանին և ենթականերին հանձարարել խստորեն վերահսկել քաղաքային տրանսպորտի ոլորտում տիրող իրավիճակը:

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանն ասել է. «Բոլորիս է հայտնի, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ներկա վիճակը հեռու է բավարար լինելուց, բայց կան տարրական պահանջներ, որոնց պահպանումը պարտավոր են ապահովել շահագործող ընկերությունները: Անընդունելի է, երբ 21-րդ դարում քաղաքացիներին սպասարկող փոխադրամիջոցում նստարանների փոխարեն տեսնում ես, ժողովրդի լեզվով ասած, իշաոտնուկներ: Էլ չեմ խոսում փնթի ու կիսախարխուլ սրահների մասին: Տրանսպորտային նման միջոցներով ուղևորափոխադրում իրականացնելն անթույլատրելի է, և հստակ նախազգուշացրեք շահագործողներին, որ կրկնվելու դեպքում օրենքով սահմանված կարգով կլուծվեն նրանց հետ պայմանագրերը»:

Նա նաև սպառնացել է «մարշրուտկաները» երթուղուց դուրս բերել։

««Ավտոբուս» ՓԲԸ-ի կազմում մենք ունենք որոշակի մեքենաքանակ, որը կլրացնի այն բացը, որը կառաջանա միկրոավտոբուսները երթուղուց դուրս բերելու պարագայում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել «Երևանտրանս» ընկերությանը խստացնել հսկողությունը երթուղի դուրսբերվող տրանսպորտային միջոցների սահմանված նորմերին համապատասխանության նկատմամբ:

Քաղաքապետի աթոռին 8 տարի նստած Մարգարյանը նոր միայն նկատեց իշոտնուկային դրվածքը, կիսախարխուլ սրահները և հակահիգիենիկ վիճակը:

Մի երկու տարի առաջ, երբ ուզում էր «մարշրուտկաների» սակագինը 100 դրամից դարձնել 200 դրամ, այդ ժամանակ, երևի, իշոտնուկներ ու խարխուլ սրահներ չկային: «Էլիտար մարշրուտկաներ» էին: Ինչևէ:

Լավ է, իհարկե, որ Տարոն Մարգարյանը որոշել է «բարեփոխումներ» իրականացնել կամ «հեղափոխություն» անել այս ոլորտում: Սակայն ո՞վ կարող է հավատալ, որ ՀՀԿ-ական քաղաքապետը կարող է իր կուսակից գծատերերի դեմ «պատերազմ հայտարարել» ու հանրապետականների գծերը վերացնել: Առաջինն ինքը Տարոն Մարգարյանը դրան չի հավատում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը