Քաղաքական

05.12.2016 12:20


Սփյուռքի հայտնի ներկայացուցիչներ խորհրդարանական ընտրություններին ժամանելու են Հայաստան (տեսանյութ)

Սփյուռքի հայտնի ներկայացուցիչներ խորհրդարանական ընտրություններին ժամանելու են Հայաստան (տեսանյութ)

–Ստորագրահավաքի միջոցով պարզ դարձավ, որ սփյուռքահայերը կտրված են Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական իրադարձություններից. «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը միացել է 4400 քաղաքացի,–այս մասին դեկտեմբերի 5–ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեսակամուրջով ասել է ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

Նրա խոսքով՝ իրենց համար շատ կարևոր է ստորագրողների հայ լինելը, ինչն էլ իր հերթին, ըստ Թանկյանի, արդեն նվազեցնում է ստորագրողների թիվը:

Հայաստանն ու Սփյուռքն ավելի տարանջատված են, քան մենք պատկերացնում էինք, իսկ դա շտկել է պետք,–ասել է Թանկյանը։

Նա նշել է, որ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը նպատակ ունի վերահսկել Հայաստանում ընտրությունները և ապահովել դրանց ազատ ու անկախ լինելը:

–Մեր թիրախը Հայաստանի հայերը չեն, այլ դրսի: Մարդիկ, ովքեր քաղաքական հարցերով են զբաղված, միանում են մեր ստորագրահավաքին, իսկ մյուսները, որոնք, այսպես ասած, քաղաքական մարդիկ չեն, չեն միանում,–հավելել է Թանկյանը։

Նշենք, որ մամլո ասուլիսին մասնակցել են նաև դերասան Հրանտ Թոխատյանը, սփյուռքահայ երգիծաբան և արվեստագետ Վահե Բերբերյանը (տեսազանգի միջոցով), կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը (տեսազանգի միջոցով), ամերիկահայ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը (տեսազանգի միջոցով):

Մասնավորապես, Արսինե Խանջյանը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին հետևելու համար Հայաստան են ժամանելու Սփյուռքից ներկայացուցիչներ։

Նա նշել է, որ այժմ Սփյուռքում մի քանի կազմակերպված խումբ է գործում տարբեր երկրներում, որոնք աշխատանքներ են տանում ցանկացողների հետ՝ ապրիլին դիտորդական առաքելուն կատարելու և երկրին օգուտ տալու համար պատրաստակամության նպատակով։

Ասուլիսին տեսազանգի միջոցով միացած կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն էլ ասել է, որ յուրաքանչյուր սփյուռքահայ պետք է գիտակցի իր պատասխանատվության չափը հայրենիքի հանդեպ։

–Մենք պետք է կրթենք Հայաստանի քաղաքացիներին ճիշտ քվեարկություն կատարելու համար: Նախ՝ ՀՀ քաղաքացիներն իրենք պետք է ցանկություն ունենան կրթվելու և հասկանալու, թե ինչպես պետք է տեր կանգնեն իրենց ձայնին, իսկ մենք՝ աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչներս, պետք է գործի դնենք մեր բոլոր ռեսուրսները՝ այդ խնդրում առաջընթացի հասնելու համար,–ասել է Ատոմ Էգոյանը՝ հավելելով, որ Սփյուռքի հայտնի հայերը Հայաստանի ներքաղաքական կյանքին մասնակցություն ունենալով՝ ցանկանում են ցույց տալ հայության միասնականությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը