Կարծիք

02.12.2016 16:40


ՀՀԿ-ն որոշեց ՓՄՁ ոլորտին «աջակցել», ինչի արդյունքում այսօր այդ ոլորտը կործանման եզրին է

ՀՀԿ-ն որոշեց ՓՄՁ ոլորտին «աջակցել», ինչի արդյունքում այսօր այդ ոլորտը կործանման եզրին է

Մտածում եմ, էլի, էս ՀՀԿ-ի խիարն ինչի՞ է միշտ թարս բուսնում։ Ինչին հանրապետականները կպնում են, ինչի մասին խոսում են, միայն ամեն ինչ փչացնում են։ Մինչև 2007 թվականը փոքր ու միջին բիզնեսը Հայաստանում ծաղկում էր, իհարկե, պետական համապատասխան քաղաքականության շնորհիվ, բայց այդ ժամանակ մարդիկ ավելի շատ գործ էին անում, այլ ոչ թե խոսում։ Հետո ՀՀԿ-ն որոշեց ՓՄՁ ոլորտին «աջակցել», ինչի արդյունքում այսօր այդ ոլորտը կործանման եզրին է։

Այն ժամանակ շատ խոշոր գործարարներ ներդրումներ էին անում Հայաստանում, տնտեսությունը զարգանում էր։ Հետո հայտնի մարդիկ մտածեցին, որ «անարդար է», որ իրենք այդ զարգացման պտուղներից փայ չունեն, ու սկսեցին «զարգացնել» տնտեսությունը։ Արդյունքում՝ այդ հայտնի մարդիկ հարստացան, սակայն տնտեսությունը հայտնվեց խոր ճգնաժամում, իսկ ներդրումները ոչ միայն պակասեցին, այլ նաև սկսվեց կապիտալի աննախադեպ արտահոսք։

Եվ ահա, այս տարի, ԱՎԾ տվյալներով, ներդրումները Հայաստանում, նախորդ տարվա համեմատ, կրկնակի կրճատվել են՝ հասնելով 44 մլրդ դրամի։ Նույն այս տարվա կապիտալի արտահոսքը կազմում է գրեթե 36 մլրդ դրամ։ Եվ հետաքրքրականն էլ այն է, որ կապիտալը Հայաստանից տանելու առաջատարը ռուսներն են, նույնիսկ նրանք, սովոր լինելով կոռումպացված համակարգում աշխատելուն, չինովնիկների հետ պայմանավորվելուն, չեն կարողանում Հայաստանում աշխատել։

Այս իշխանությունների գործողություններն արդեն ուղղակի սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը։ Ես չգիտեմ՝ ինչի նրանց մոտ ոչինչ չի ստացվում, գուցե իրո՞ք չունեն համապատասխան մտավոր ունակություններ կամ չեն կարողանում իրենց ագահությունը զսպել ու սեփական շահերից ելնելով են կործանում մեր երկիրը, գուցե ՀՀԿ տատիկի անեծքի տա՞կ են ընկել, կամ գուցե այլ պատճա՞ռ կա։ Բայց փաստը մնում է փաստ, այս մարդկանց կառավարումը սպառնում է մեր ֆիզիկական գոյությանը, և այս հարցն անհապաղ լուծում է պահանջում։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը