Մեկնաբանություն

25.12.2009 18:51


Հայկական արմատականության առանձնահատկությունները

Հայկական արմատականության առանձնահատկությունները

-Անկախ նրանից՝ կառավարությունն ինչ ծրագիր ունի, մենք ներմուծող ընկերություններ ենք, մեր ռեսուրսներով, վարկեր վերցնելով մեր ներմուծումները կազմակերպում ենք։ Եթե օրենքները Հայաստանում գործեն ավելի միատեսակ, հանիրավի տուգանքներ, որոշումներ չլինեն, մենք ինքներս ավելի լավ կաշխատենք,-պատասխանելով հարցին, թե կառավարության տնտեսական ծրագիրը խթանո՞ւմ է փոքր ու միջին բիզնեսի զարգացումը՝ ասել է «Վագա Ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը։

Վ. Վարսանյանը հայտարարել է, թե եթե պետական մարմինները տնտեսվարողներին չխանգարեն, ընկերություններն իրենց մրցակցություններով հավասարակշիռ վիճակն ավելի կբարձրացնեն։

-Ամենակարևորն այն է, որ պետական մարմինները, այդ թվում՝ կառավարությունը, տնտեսվարող սուբյեկտների գործերին հանիրավի քիչ միջամտեն, և թողնեն՝ մարդիկ իրենց գործերն ըստ օրենքի առաջ տանեն։

Վահե Վարսանյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականությունը դրական է գնահատել, իսկ կառավարության աշխատանքները չի մեկնաբանել։

Հիշեցնենք, որ Վահե Վարսանյանը, ինչպես և իր կողմից դրական գնահատված վարչապետը՝ նախկին ԱԺՄ–ականներ են և երբեմնի ակտիվ ընդդիմադիրներ։ Վահե Վարսանյանը մոտավորապես նույն ամպլուայի գործիչ էր 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, ինչպես որ այժմ Նիկոլ Փաշինյանն է, կամ մյուս երիտասարդներն են, ովքեր համալրել են «Հիմա» շարժումը։

Վ. Վարսանյանն էլ, ինչպես այսօրվա քաղբանտարկյալները և Տեր–Պետրոսյանի մյուս կողմնակիցները, բռնության էր ենթարկվել այն ժամանակվա իշխանության կողմից և հանդիսանում էր Վազգեն Մանուկյանի ջերմեռանդ պաշտպաններից։

Հետագայում, երբ Ռոբերտ Քոչարյանը եկավ իշխանության, արմատական ԱԺՄ–ական ընդդիմադիրները կամ պաշտոններ ստացան (օրինակ՝ Դավիթ Վարդանյանը դաժան քննադատության էր ենթարկում «ՀՀՇ–ական թալան–սեփականաշնորհումը», բայց հետո ի՛նքը դարձավ սեփականաշնորհման նախարար), կամ գնացին բիզնեսի ուղղությամբ։ Ի դեպ, բիզնես մտնողներն ավելի ազնիվ գտնվեցին։ Իսկ հիմա ո՞վ է հիշում, որ Վահե Վարսանյանը 90–ականների ակտիվ քաղաքականացված երիտասարդներից էր։ Քչերը։ Հետաքրքիր է՝ այսօրվա ակտիվիստներից քանիսը կհիշվեն մի 10 տարի անց։

Ահա՛  հայկական արմատական ընդդիմության «թաքնված հմայքի» որոշ առանձնահատկությունները։

Սյուզի Մելքոնյան

 

Այս խորագրի վերջին նյութերը