Մեկնաբանություն

30.11.2016 00:30


ԽՄԿԿ-ի ժամանակներին համահունչ

ԽՄԿԿ-ի ժամանակներին համահունչ

ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի հաշվետու զեկույցում, մեղմ ասած, տարակուսանք առաջացնող մտքերի պակաս չկար: Պակաս տարակուսելի չէր նաև այն միտքը, որը վերաբերում էր ՀՀԿ-ականների հրապարակային խոսքին: Ըստ ՀՀԿ ղեկավարի՝ այդ հարցում պետք է «զգուշություն» դրսևորել:

«Մեր գործընկերները ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետում համակողմանիորեն չկշռադատված մտքեր, որոնք սխալ ազդակներ են տանում դեպի հասարակություն, աղավաղում են իրականացվող քաղաքականությունն ու հարվածում կուսակցության հեղինակությանը։ Բոլորը պետք է ընդունեն, որ ցանկացած հանրային խոսք լուրջ նախապատրաստում և տնային աշխատանք է պահանջում. անցել են ամենագետների ժամանակները, ապագան աշխատասեր և յուրաքանչյուր մտքի մշակման վրա մանրամասն ջանք թափող գործիչներինն է։ Այս տեսանկյունից մենք շուտով հատուկ մարմին կստեղծենք կուսակցությունում, որը կդառնա մշտական բանավեճի ակումբ իր փորձագիտական բաղադրիչով, և որտեղ ծնվող նոր գաղափարները կամ առկա դիրքորոշումների մանրակրկիտ մշակված շարադրանքները պարբերաբար հասու կդառնան բոլոր կուսակցականների համար»,- ասաց Սարգսյանը:

Պարզվում է՝ ՀՀԿ ղեկավարի համար «աչք ծակող խնդիրները» ոչ թե աղքատության և արտագաղթի ծավալներն են, ոչ թե անօրինականության, անարդարության, անպատժելիության ցայտուն երևույթներն են (որոնք արմատացել են մեր երկրում), ոչ թե ապրիլյան պատերազմի զոհերն ու կորցրած տարածքն է (ի դեպ, այդ համագումարը պարտավոր էր նախ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը), այլ իր կուսակիցների հրապարակային խոսքը:

Երկրում կուտակված հիմնախնդիրների լուծման համար նա ինչ-որ մարմին ստեղծելու խնդիր չի տեսնում: Այնպիսի մարմին, որն իրապես կզբաղվեր և կփորձեր լուծել այս կամ այն խնդիրը: Իսկ ահա իր ականջի համար կուսակիցների խոսքը «բարեհունչ» դարձնելու համար մտադիր է հատուկ մարմին ստեղծել:

Ամեն առիթով «այլակարծության ջատագով» ներկայացող Սերժ Սարգսյանն, այսպիսով, ցանկանում է «դնչկալ» հագցնել ՀՀԿ-ականներին, որոնք «տնային աշխատանքը» լավ կատարելուց հետո միայն կարող են խոսել: Ասենք՝ Շարմազանովի նման, որը մշտապես խոսքը սկսում է այսպես՝ «Ինչպես հայտարարեց հանրապետության առաջնորդը...»: Սարգսյանի թեզիսներից բացի՝ այլ բան իրավունք չեն ունենալու ասել ՀՀԿ-ականները: Դե, ինչպես ԽՄԿԿ-ի ժամանակ էր, երբ կուսակցականները մի կերպ մրմնջում էին միայն այն ժամանակ, երբ գլխավոր քարտուղարն արտոնում էր:

Եթե երկրում իրականացվող քաղաքականությունը ՀՀ քաղաքացիների դեմ է, այդ դեպքում ինչ հեքիաթ ուզում են՝ թող պատմեն ՀՀԿ-ականները: Ո՞վ է նրանց հավատացողը: Բայց սա էլ դեռ մի կողմ: Սարգսյանի ելույթի նշված հատվածը վտանգավոր միտումներ է կանխանշում՝ գրաքննության տխուր հեռանկարով: Ո՞վ կարող է բացառել, որ ՀՀԿ ղեկավարն իր այդ մոտեցումը չի տարածի ողջ երկրում: Իշխանության մնալու դեպքում դա բացառել հնարավոր չէ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը