Կարծիք

29.11.2016 17:40


«Էական» խայտառակ փոփոխությունները, ցավոք, չեն ազդել մեր կենսակերպի վրա

«Էական» խայտառակ փոփոխությունները, ցավոք, չեն ազդել մեր կենսակերպի վրա

Երբ Սերժ Սարգսյանը խոսում է երկրի տնտեսությունից ու համեմատություն անցկացնում 2007-2016 թվականների տնտեսական աճի հետ, մարդ չգիտի՝ լա՞, թե՞ խնդա: Ասում է՝ երկրի տնտեսությունն աճել է, ու բերում է այն օրինակները, որոնց մասին նա պետք է գոնե լռի, եթե դեռ ամոթի զգացողության մի կաթիլ մնացել է:

Բայց չէ, նա դեմքի հպարտ արտահայտությամբ ասում է՝ երկիրը տնտեսապես զարգացում է ապրել: Ասում է՝ տեսեք, նվազագույն աշխատավարձերը բարձրացել են, կենսաթոշակները բարձրացել են, աշխատավարձերը բարձրացել են, բանկերում ավանդներ կան, այլ կերպ ասած՝ ըստ Սերժ Ազատիչի՝ մարդիկ գոհ են իրենց կյանքից, քանի որ այս 9 տարիների ընթացքում «էական» փոփոխություններ են տեղի ունեցել:

«Էական» այդ խայտառակ փոփոխությունները, ցավոք, չեն ազդել մեր կենսակերպի վրա, «էական» այդ փոփոխության շնորհիվ մենք նորից կանգնած ենք կոտրված տաշտակի առաջ՝ ի՞նչ անել, որպեսզի գոյատևել, այսօրվա հացի խնդիրը լուծել: Նա խոսում է ծիծաղելի թվերի մասին, բայց գլխավորը թողնում է մեզ, որ մենք լուսաբանենք:

Եվ մենք՝ մեր մաշկի վրա «էական» փոփոխություններ զգացածներս, կարող ենք ասել, որ այս 9 տարիներին աղքատության ցուցանիշը մի կաթիլ անգամ չի նվազել, արտագաղթի ցուցանիշն այս 9 տարիներին ավելի է շատացել, մարդիկ չեն ապրում բարեկեցիկ պայմաններում, ավելին՝ վարկերի ու գրավատների գերին են դարձել, ընտանիք չկա, որ պարտք չունենա, ընտանիք չկա, որ չմտածի արտագաղթի մասին, ընտանիք չկա, որ գոհ լինի այս երկրի կառավարման մոդելից, ընտանիք չկա... Դարդերներս իրար մի՛ տվեք, թողե՛ք՝ մարդիկ իրենց ցավով տապակվեն: Գոնե սո՛ւս մնացեք, հեքիաթներ մի՛ պատմեք, առանց այն էլ ձեր պատրաստած կլոունադայի գերին ենք դարձել:

Իրականում այն, ինչ հանրապետականների ելույթին ասել է Սերժ Սարգսյանը, պարզապես մարազմ է: Այո՛, աշխատավարձերը բարձրացել են, բաց եկեք չմոռանանք, թե հարկերն ինչքա՜ն են բարձրացել, ու մեր ամենօրյա ծախսերն ինչքա՜ն են շատացել: Սերժ Ազատիչը կարծում է, որ 2007 թվականից հետո իր կյանքում տեղ գտած էական մեծ փոփոխությունները նաև մեզ վրա են ազդել, իրեն թվում է՝ երբ ինքն ու իր ընտանիքը լավ են ապրում, մենք նույնպես լավ ենք ապրում, բայց հայ հասարակության համար կյանքը ոչ թե 9 տարով առաջ է գնացել, ինչպես կարծում է Սերժ Սարգսյանը, այլ հետընթաց է ապրել, և մենք առաջ գնալու ոչ մի ներուժ չենք տեսնել:

Այնպես որ, իջե՛ք երկնքից. մենք 2007 թվականին ավելի լավ էինք ապրում, քան հիմա: Գոնե այն ժամանակ չկար բացահայտ թալան՝ կարմիր գծեր, տեսանկարահանող սարքեր, բարձր հարկեր, տույժ ու տուգանք, գների բարձրացում, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի սակագների բարձրացում... Ինչո՞ւ չեք ասում՝ գրոշներ եք բարձրացրել, բա մեզանից փող պոկելու ձեր ախորժակն ինքա՜ն է մեծացել այս 9 տարիների ընթացքում:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը