Մեկնաբանություն

29.11.2016 00:37


Արհեստականորեն «լցոնված» ՀՀԿ-ն

Արհեստականորեն «լցոնված» ՀՀԿ-ն

ՀՀԿ-ն հետհամագումարյան «էյֆորիայի» մեջ է: Թեպետ շատ մասնագետներ (բնականաբար, առաջին հերթին՝ հանրությունը) փորձում են ինչ-որ կապ տեսնել ՀՀԿ ղեկավարի ելույթի՝ հատկապես տնտեսական մասին վերաբերող հատվածի և իրականության միջև, սակայն այդպես էլ դա ոչ ոքի չի հաջողվում: Մանավանդ երբ վարչապետի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո Կարեն Կարապետյանը երկրի տնտեսության վիճակը գնահատեց շատ ծանր, իսկ ՀՀԿ 16-րդ համագումարում նրան նշանակողը՝ Սերժ Սարգսյանը, իր ելույթում տնտեսության մասով լրիվ այլ թվեր «խփեց»՝ հայտարարելով, թե մեր տնտեսությունն անցած տարիներին մոտ 30 տոկոս աճ է արձանագրել:

Կարապետյանի և Սարգսյանի հայտարարությունների միջև ակնառու հակասությունը, մեղմ ասած, զարմացրել է բոլորին: Չնայած, այդ հակասությունն էլ առանձնապես էական չէ, քանի որ անցած տարիներին ժողովուրդը սեփական մաշկի վրա է զգացել, թե որքան է «զարգացել» ՀՀ տնտեսությունը, ինչի հետևանքով ինքն այսօր ընդամենը գոյություն է քարշ տալիս: Իսկ նման կենսաձևը հազիվ թե կարելի է «ապրել» համարել: Ինչևէ:

Բացասական արձագանքների, հեգնական մեկնաբանությունների, ծաղրական գնահատականների պակաս չկա, և դեռ շարունակվում է: Բայց ՀՀԿ-ն, բոլորի ինադու, որոշել է «էյֆորիկ» տրամադրություն կամ հոգեվիճակ խաղալ կամ ցուցադրել: Արմեն Աշոտյանը Հանրապետականին սարքել է ամերիկյան քաղաքակրթական արժեհամակարգի «ռահվիրա», իսկ իր առաջնորդին էլ համեմատում է Անգելա Մերկելի հետ: Այստեղ են ասել՝ «Հիմարի դերը գնա քո տանը խաղա»:

Լսեք, թե ինչ է ասում Աշոտյանը. «Հանրապետականը նման է ամերիկյան քաղաքակրթությանը, որն ունեցել է ներհոսքի մի քանի ալիք: Այդ տեսանկյունից Հանրապետականը նույնպես քաղաքական ձուլարան է, կուսակցություն, որն իր պատմության մեջ ունեցել է ներհոսքի ալիքներ»:

Ուրեմն, իշխող ուժին առավելապես հետաքրքրում է սեփական շարքերի համալրումը (հիմնականում մարդկանց կամքին բռնանալու մեթոդով), քան երկրում ներգաղթ ապահովելը: Հանրապետականին ուրախացնում է ահագնացող արտագաղթի պայմաններում դեպի իր կառույց մարդաորս կազմակերպելը: Ա՛յ քեզ աբսուրդ:

Երկիրը դատարկվում է, իսկ Աշոտյանն «ավետում» է դեպի ՀՀԿ «ներհոսքի ալիքների մասին»: Ի՞նչ է տալու պարտադրանքով կազմակերպված այդ «ներհոսքը», եթե, ընդհանուր առմամբ, Հայաստանը զրկվում է մարդուժից, եթե երկրում ժողովրդագրական ցուցանիշների աղետալի պատկերն արդեն իսկ սարսափեցնող է: Նման իրավիճակում արհեստականորեն «լցոնված» ՀՀԿ-ն ինչպե՞ս է պատկերացնում իր հետագա կառավարումը: Իսկ որ նման ախորժակից չի դժգոհում, փաստ է: Այն, որ ցանկանում է հավերժ մնալ իշխանության: Դրանում էլ հավելյալ անգամ համոզվեցինք՝ լսելով Աշոտյանի հաջորդ միտքը, որը հայտարարեց, թե չի բացառում 2018-ին Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հանգամանքը: Եվ նա իր այս «կանխատեսումը» «հիմնավորում» է Անգելա Մերկելի օրինակով, որը մտադիր է 4-րդ անգամ ընտրվել:

Դե, եթե ՀՀԿ ղեկավարը համագումարի ամբիոնից այնպիսի տնտեսական «աճ» է ներկայացնում, որով ՀՀ քաղաքացիներիս կենսամակարդակը «հավասարվում» է եվրոպական զարգացած երկրների կենսամակարդակին, ապա ի՞նչ կա որ, նա կարող է և ընդօրինակել Գերմանիայի կանցլերին և շարունակել իշխել արդեն վարչապետի պաշտոնում:

Իսկ թե որ մեղքի համար է ժողովուրդը շարունակելու տառապել երկիրը քարուքանդ արած Հանրապետականի լծի տակ, այդ հարցն էլ կորոշի նույն ինքը ժողովուրդը՝ 2017-ի ապրիլի քվեարկությամբ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը