Կարծիք

28.11.2016 14:20


Իքս պահից սկսած՝ «ապաքաղաքական» հարցումը վերածվեց մաքուր քաղաքականի

Իքս պահից սկսած՝ «ապաքաղաքական» հարցումը վերածվեց մաքուր քաղաքականի

Ուրեմն, երեկ մեր դուռը մի տղա է թակել՝ խնդրելով մեր ժամանակից մի փոքր հատկացնել և մասնակցել սոցիոլոգիական հարցմանը։ Հարցին՝ իսկ ո՞վ է հարցման պատվիրատուն, տղան հայտարարեց, որ Քաղաքապետարանն է, և հարցումը զուտ քաղաքի և քաղաքապետի աշխատանքի վերաբերյալ է։ Ասեցինք՝ դե լավ, եկեք ներս։

Ասեմ ձեզ, որ հարցաշարի առաջին մի քանի էջն իսկապես քաղաքապետի աշխատանքին և քաղաքի վիճակին վերաբերող հարցեր էին, իսկ հետո սկսվեց «հեքիաթը»։ Մի կողմ թողնենք այն, որ հարցաշարում կային ոչ կոռեկտ հարցադրումներ, օրինակ՝ «Ըստ ձեզ՝ այսինչ մարդը բարի՞ է» (ի՞նչ գործ ունեն փիլիսոփայական կատեգորիաները նմանատիպ հարցման մեջ)։ Բայց դրա վրա կարող ենք աչք փակել։ Իսկ ահա այն բանի վրա, որ իքս պահից սկսած՝ «ապաքաղաքական» հարցումը վերածվեց մաքուր քաղաքականի, աչք փակել չեմ կարող։

«Ըստ Ձեզ՝ համար 1 քաղաքական գործիչը լա՞վ գաղափարախոսություն ունի, իսկ համար 2-ը, 3-ը․․․․», «Ըստ ձեզ՝ համար 1 գործիչը հայրենասե՞ր է, իսկ համար 2-ը, 3-ը․․․», «Դուք հավանո՞ւմ եք համար 1 գործչի քաղաքական ծրագիրը․ իսկ համար 2-ի՞նը, համար 3-ի՞նը», «Ըստ ձեզ՝ համար 1 քաղաքական գործիչը լա՞վ թիմ ունի, իսկ համար 2-ը, համար-3-ը»․․․․․և նմանատիպ հարցերի մի երեք էջ (քաղաքական գործիչների անունները դիտմամբ չեմ գրում, բայց ասեմ ձեզ, որ շատ հայտնի քաղաքական գործիչների, այդ թվում՝ Վարդան Օսկանյանի, Գագիկ Ծառուկյանի, Տարոն Մարգարյանի (քաղաքապետարանի անունից հարցում անցկացնող կազմակերպությունը, բնականաբար, չէր կարող չհիշատակել գործող քաղաքապետին) և այլոց անուններն էին, այսինքն՝ մի կողմից իշխանություններն իրենց գրչակների միջոցով տարածում են այն միտքը, համաձայն որի՝ նրանց դեմ խաղ չկա, և նույն Վարդան Օսկանյանը որպես քաղաքական գործիչ անմրցունակ է և իշխանությունների համար ոչ մի վտանգ չի ներկայացնում, բայց, փաստորեն, ռեսուրսներ են ծախսում՝ փորձելով ստանալ ոչ թե իրենց կողմից տարածված «ֆեյք, գելափախառը» արդյունքները, այլ քաղաքական գործիչների ռեալ վարկանիշը, որը, բնականաբար, ՀՀԿ-ի վարկանիշից անհամեմատելի բարձր է)։

Ասածս ինչ է՝ մարդկանց ապուշների տեղ մի՛ դրեք, եթե քաղաքական հարցում եք անցկացնում, այդպես էլ ասեք, այլ ոչ թե հեքիաթներ պատմեք, մարդկանց զգոնությունը թուլացրեք, իսկ հետո ձեր նպատակներին փորձեք հասնել։

Հ․Գ․։ Ընտրությունները մոտենում են։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը