Մեկնաբանություն

27.11.2016 18:30


«Պատվիրաններ» և իրականություն

«Պատվիրաններ» և իրականություն

ԽՄՀՀԿ համագումարում բազմաթիվ ձևակերպումներ հնչեցին:

Ասվում էր, թե ինչ պետք է արվի, խորհուրդ էր տրվում, թե ինչպես պետք է արվի, բայց իրականությունը ցույց է տալիս, որ տրված խորհուրդը և բարձրաձայնված կոչը խոր հակասության մեջ են իրական կյանքում տեղի ունեցողի հետ: Ասողն ինքը ճիշտ հակառակն է արել և անում:

Ներկայացնենք մի քանի միտք, որոնք որպես կոչ և խորհուրդ են մատուցվել ներկաներին ու հանրությանը:

1.«Ձեր առաջին հոգսը թող լինի մեր երկրի անվտանգությունը։ Մեր ժողովրդի ազատությունը, իր երկրում ազատ ու անկախ ապրելու հայաստանցու կամքը մեր ամենամեծ արժեքներն են»:

2.«Ձեր ջանքերն ուղղեք մեր ազատ ու ինքնիշխան երկրում օրինականության և արդարության ամրապնդմանը: Հիշե՛ք, որ ուրիշներին դեպի օրենք և օրինականություն առաջնորդելուց առաջ անձնական պատասխանատվություն ունեք ինքներդ լինելու օրենքի հլու ծառան ու օրինականության մարմնավորումը»:

3.«Հենվե՛ք ձեր միակ անխախտ ու անդավաճան դաշնակցի՝ ժողովրդի վրա՝ ժողովրդի ուժի։ Ձեր հանդեպ վստահությամբ կամրջե՛ք անվստահության կղզյակները»։

4.«Անհանդուրժողականության կամ կուլակաթափության կոչերով ոչ մի տեղ չե՛ք հասնի»:

5.«Աններելի է, երբ իրավունքի սահմաններն ու օրինականությունը խախտում են դրանք սահմանողները։ Անօրինական ճանապարհով օրինականություն հաստատել չի՛ լինի»:

6.«Երկրի սահմանից ներս ոչ մի զենքով խաղաղություն չես հաստատի։ Երկրի սահմանից ներս խաղաղություն հաստատելու միակ միջոցը վստահությունն է։ Վստահությունը իրար հանդեպ։ Վաստակե՛ք ժողովրդի վստահությունը ձեր հետևողականությամբ»։

7.«Փորձե՛ք տիրապետել առաջընթացի արվեստին, փորձե՛ք ապահովել ժողովրդի ու ձեռնարկությունների կյանքի բնականոն ընթացքը, օրինականությունը անհրաժեշտ բարեփոխումների պահին։ Եվ փորձե՛ք երաշխավորել օրինականությունը՝ բարեփոխումներ իրականացնելու շնորհիվ»:

Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: «Անհանդուրժողականության կամ կուլակաթափության կոչերով ոչ մի տեղ չե՛ք հասնի» կոչերի ներքո՝ կուլակաթափ են արվում անգամ ամենայուրային համարվող բիզնեսմենները, քանզի չի հանդուրժվում, որ երկրում կարող են մեկ կենտրոնից դուրս ֆինանսական հոսքեր լինել:

Նեոբոլշևիկյան արտաքին ու ներքին քաղաքականությունն է պատճառը, որ մեր երկրի անվտանգությանը հսկայական հարված է հասցվել, որ ՀՀ-ից արտագաղթում են, որ ներդրումները կտրուկ կրճատվել են, որ կապիտալը փախչում է: Եվ վերջապես, նեոբոլշևիկյան քաղաքականության հետևանքով է, որ մենք 100-ից ավելի զոհ տվեցինք ու առնվազն 800 հեկտար տարածք կորցրեցինք ապրիլյան չորսօրյա մարտերի արդյունքում:

Այս խորագրի վերջին նյութերը