Քաղաքական

03.11.2010 14:19


Ալիկ Արզումանյան. «Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման որևէ նախադրյալ չի երևում»

Ալիկ Արզումանյան. «Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման որևէ նախադրյալ չի երևում»

«Հայելի» ակումբում ՀՀ ներքաղաքական դաշտին անդրադառնալով, մասնավորապես 2012թ. խորհրդարանական վերադասավորումներին, ՀՀ նախկին արտգործնախարար, ՀԱԿ անդամ Ալիկ Արզումանյանն ասել է, թե առայժմ  կանխատեսումներ չունի, սակայն անընդունելի է համարում, երբ ՀՀԿ գործիչները այս կամ այն ակումբում հայտարարում են, թե իրենք ունենալու են 50%-ից ավել ձայներ, և արդեն բաշխում են մնացածը.

-Այսինքն իրենք իրենց 50-60%-ն արդեն ապահովել են ժողովրդավարական ընտրության միջոցով, որը դեռ լինելու է 1,5 տարի հետո, և հիմա քննարկում են' «Բարգավաճը» թո՞ւյլ է, թո՞ւյլ չէ, ՀԱԿ-ը լա՞վ կաշխատի, Գալուստ Սահակյանն իրեն տեղ կտա՞... Սա բացարձակապես անընդունելի գործելակերպ է՝ ոչ հարիր ոչ միայն ժողովրդավարական երկրին, այլև որևէ երկրի, որը գոնե հռչակում է, որ ժողովրդավարության ճանապարհ է ընտրել,-ասել է Ալիկ Արզումանյանը և հավելել, թե հասկանալի է, որ իշխանությունն ամեն ինչ անելու է վերարտադրվելու համար՝ անկախ նրանից՝ կեղծիքո՞վ դա կլինի, վարչական ռեսուրսի՞, թե՞ այլ միջոցներով։-Դա կանի կոալիցիոն փոքրիկ եղբայրների միջոցով կամ հաճախորդների միջոցով, դա արդեն տեխնիկայի հարց է։ Խնդրի էությունը դրանից չի փոխվում։

Այս կապակցությամբ անդրադառնալով «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին՝ Ա. Արզումանյանն ասել է, որ էական չէ, թե ինչպիսի ԸՕ է, կարևորը իշխանությունների կամքն է և հասարակության անհանդուրժողականությունը կեղծիքների նկատմամբ։ Նրա խոսքերով՝ առաջարկված փոփոխություններն ակնհայտորեն միտված են վերահսկողությունն էլ ավելի կենտրոնացնելուն և իշխանության դերակատարությունն էլ ավելի ուժեղացնելուն։

-Ընդ որում, սա կիսաքայլ է, քանի որ եղել են առաջարկներ, որ իշխանությունն ամբողջովին իր ձեռքը վերցնի ընտրությունների անցկացման գործընթացը, սակայն դրանից իշխանությունը խուսանավում է։ Ոչ մի իրական առաջարկ, որոնք միտված են ԸՕ-ի բարելավմանը, որ առաջարկվել են ՀՅԴ-ի և Ժառանգության կողմից՝ որպես խորհրդարանում պաշտոնապես ներկայացված կուսակցություններ, և ՀԱԿ-ի կողմից, դրանք բոլորն անտեսվել են,-նշել է նա։

Այստեղ, նրա խոսքերով, մնում է խոսել այն մասին, թե ի՞նչ կարող է անել ընդդիմությունը։ Նա նշել է, որ խոսքը, բնականաբար, արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին չէ, և արտահերթ ասելով, հավանաբար, պահանջվում է արտահերթ նախագահական ընտրություն, այսինքն՝ նախագահի հրաժարական։

-Մինչ այդ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման որևէ նախադրյալ չի երևում, որովհետև ի վերջո դա հենց ինքը՝ խորհրդարանը կամ գործող նախագահը պետք է լուծարի։ Բայց դա չի բխում իրենց շահերից, ուրեմն այսօրվա ընդդիմադիր դաշտը, փաստորեն, նախապատրաստվում է 2012թ. հերթական ընտրություններին,-ասել է Ա. Արզումանյանը։

Նա նշել է, որ նախագահական և խորհրդարանական ընտրութունների տարբերությունն այն է, որ ժողովուրդն առաջինի դեպքում իր ձայնը գողանալու կեղծիքները չի նույնացնում այնպես, ինչպես դա տեղի է ունենում նախագահականի դեպքում։ Նա նշել է, որ գրեթե բոլոր նախագահական ընտրությունների արդյունքները հասարակության կողմից վիճարկվել են, սակայն այդպիսի բան երբևէ տեղի չի ունեցել խորհրդարանական ընտրություններում, ինչին նաև նպաստել է ընդդիմության՝ առանձին ճակատներով հանդես գալու փաստը։

-Եթե ընդդիմությունը խնդիր չի դնում, որ ձևավորի մի միասնական ճակատ, որի նպատակը լինելու է՝ ուղղակի բերել մի իրավիճակի, երբ այդ միասնական ճակատը կամ ստանում է ժողովրդի քվեն և վերահսկում է ապագա խորհրդարանի ձայների մեծամասնությունը, կամ հասարակության մոտ ցասում է առաջանում հերթական կեղծիքի նկատմամբ, և հասարակության ողջ այդ մերժված շերտը փողոց է դուրս գալիս, սա այլ իրավիճակ է։ Այսինքն սրան պետք է միտված լինեն... Բայց ընդդիմադիր դաշտում կարծես նման գործողություններ չեն նկատվում,-ընդգծել է Ալիկ Արզումանյանը և հավելել, որ ընդդիմությունը պետք է այն մեկ պատուհանը լինի, որի միջոցով ինքն իր բողոքն է արտահայտում, և դրա շնորհիվ իշխանությունը մեծամասնություն չի ստանա։

Այս պահին, նրա կարծիքով, ներքին քաղաքական դաշտում դիվանագիտությունն է պակասում, որ բոլոր ընդդիմադիր կամ ընդդիմադիր համարվող ու իրենց ընդդիմադիր հայտարարող ուժերը նստեն բանակցային սեղանի շուրջ ու քննարկեն այն հնարավորությունը, որով նրանք կարող են առավելագույն ձայներ ստանալ։

«Իսկ դրա նախադրյալները տեսնո՞ւմ եք» հարցին ի պատասխան՝ ՀԱԿ անդամն ասել է, թե, ցավոք, չի տեսնում.

-Սա այն փոցխն է, որի վրա մենք պարբերաբար՝ 5 տարին մեկ, կանգնում ենք և շարունակելու ենք կանգնել, մինչև չկայանանք որպես հասարակություն։

Նա նաև ընդգծել է, որ փորձը ցույց է տալիս՝ նախկին հետխորհրդային հանրապետություններում առանց ֆորսմաժորային իրավիճակի արտահերթ նախագահական ընտրություններ չեն իրականացվում։ Իր այս հայտարարությունը, նրա կարծիքով, չի հակասում Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, քանի որ նա էլ հայտարարում է, որ երկիրը կործանման շեմին է, և դա էլ հենց ֆորսմաժորն է.

-Հիմա այդ ֆորսմաժորն այնքա՞ն անհաղթահարելի է, որ կստիպի Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, ցույց կտան առաջիկա ամիսները։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը