Կարծիք

24.11.2016 08:26


Քեսապից հասել է հայրենիք, բայց անտերությունից ստիպված է նորից գաղթականի «ցանկալի» ճամփեն բռնել

Քեսապից հասել է հայրենիք, բայց անտերությունից ստիպված է նորից գաղթականի «ցանկալի» ճամփեն բռնել

Ո՞վ կմտածեր, որ մեր տուն կգա ու իմ համակարգիչը կնորոգի Ամենայն հայոց 131-րդ Կաթողիկոս Գարեգին Ա-ի եղբոր որդին՝ Գևորգ Սարգիսեանը:
Համակարգիչս Կոզլևիչի «Անտիլոպի» օրն է ընկել: Քանի օր է՝ չէր աշխատում, ու մտածում էի՝ լավ, «քարյուղի խողովակ» որտեղի՞ց ճարեմ, որ «Անտիլոպս» աշխատի:
Շենքի մուտքին փակցված լիքը հայտարարությունների մեջ գտա համակարգիչ վերանորոգողի հեռախոսահամար ու զանգեցի:
Մի տղամարդ անուշ արևմտահայերերով պատասխանեց, հասցեն ուզեց ու խոստացավ շուտ գալ մեր տուն և նորոգել համակարգիչս:
Իսկապես, վռազ տեղ հասավ ու միանգամից անցավ գործի:
Ծանոթացանք, սուրճ առաջարկեցի, համաձայնեց:
Էս ցրտին երիտասարդ տղամարդն այնքան թեթև էր հագնվել, որ ասացի՝ հանեք ձեր «կուրտկան», դուրս գալիս կմրսեք:
Գևորգն այդպես էլ չհանեց «կուրտկան», շարունակեց աշխատել: Հետո սուրճ խմեցինք ու պատմեց, որ ընտանիքով 2 տարի 2 ամիս առաջ են Քեսապից եկել Հայաստան, Երևանում վարձով են ապրում, ամսական 80 հազար դրամ է տալիս տան համար: Ասաց, որ այստեղ՝ Երևանում է ծնվել իր առաջնեկը, առայժմ միակ որդին՝ Զաքարը: Նաև ասաց, որ ինքը Գարեգին Առաջինի եղբոր որդին է /իսկապես, շատ նման էր/:
Խե՜ղճ Գևորգը չափազանց վիրավորված էր, որ հայրենիքն անգամ բարոյապես չի աջակցել իրենց, որդին ծնվել է այստեղ, սակայն չեն գրանցել: Գրպանից հանեց և ցույց տվեց իր ու որդու փախստականի «անձնագիրը»:
Կնոջ սիրտը երկու անգամ ստենդավորել են, երիկամները համարյա չեն գործում...
Մեզ էլ ի՞նչ էր պետք. մարդ ու կին, աչքներս լցրած, քթներս սրբելով լսում էինք Գևորգին:
Հարցրի՝ գոնե տան վարձի փողը մեր պետությունը չի՞ տալիս: Ասաց՝ ոչ, ինքն է մի կերպ վաստակում, որ առանց տանիքի չմնան:
- Բա Հրանուշ Հակոբյանին չե՞ք դիմել,- հարցրի նրան:
- Նա ի՞նչ կհասնա գոր...
Ահավոր ծանր էր այս ամենը լսելը, մանավանդ երբ Գևորգի դառնացած խոսքից իմացանք, որ չի ուզում այստեղ մնալ. ուզում է հեռանալ, սակայն չի կարողանում /փախստականի կարգավիճակով իր ուզած երկիրն իրենց չի ընդունում/:
Մարդը եկել հասել է հայրենիք, բայց անտերությունից ստիպված է նորից գաղթականի «ցանկալի» ճամփեն բռնել...
Տխուր օր էր...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը