Քաղաքական

23.11.2016 15:18


Ալան Միլ. «Դպրոցներում պետք է դասավանդել ցեղասպանության վերաբերյալ»

Ալան Միլ. «Դպրոցներում պետք է դասավանդել ցեղասպանության վերաբերյալ»

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլն ու Ջուզեպպե Գալատին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 23-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Եվրոպացի բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին։

Ալան Միլը նշել է, որ հայերի հանդեպ թուրքերի իրագործած վայրագություններն ու Ցեղասպանությունը պետք է դատապարտվի բոլորի կողմից։ Կառավարությունները պետք է ճանաչեն այն, ինչն իրականում տեղի է ունեցել։ Մարդկանց պետք է իրազեկել, դպրոցներում պետք է դասավանդել ցեղասպանության վերաբերյալ եւ պետք է ամեն ինչ անել, որ դրանք չկրկնվեն։

Ջուզեպպե Գալատիի կարծիքով էլ՝ Եվրախորհուրդը մեծ ծավալի աշխատանք է կատարում տարբեր դավանանք ունեցող երկրների միջեւ հարաբերությունները հստակեցնելու եւ կայունացնելու ուղղությամբ, որպեսզի նման ողբերգություններ տեղի չունենան։

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության

միջոցների հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը