Տնտեսական

22.11.2016 21:42


Կաթնամթերք արտադրողների հետ քննարկվել են ոլորտի բացթողումներն ու խնդիրները

Կաթնամթերք արտադրողների հետ քննարկվել են ոլորտի  բացթողումներն ու խնդիրները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նոյեմբերի 22-ին նախաձեռնել էր հանդիպում կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտի հիմնական խնդիրները՝ հումքի մթերումները, կաթի պատշաճ պաստերիզացիան, արտադրանքի որակը, հիգիենային և մակնշմանը ներկայացվող պահանջները:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը նշել է, որ պետական վերահսկողության արդյունքները և սպառողների ահազանգերը վկայում են, որ կաթնամթերքի շուկայում կան դեռևս չլուծված խնդիրներ:

«Ծառայությունը պատրաստակամ է համապատասխան մասնագիտական աջակցություն տրամադրել կաթնամթերք արտադրողներին՝ առկա խնդիրների լուծման համար, միաժամանակ, արտադրողները պետք է կրեն սոցիալական պատասխանատվություն և աջակցեն վերահսկող կառույցին՝ սպառողին անվտանգ և որակյալ մթերք հասցնելու գործում»,-նշել է Ի. Կարապետյանը:

Նա հավելել է, որ վերահսկող կառույցը հանդես է գալիս գործընկերային դիրքերից և ներդրումներ կատարած, աշխատատեղեր ստեղծած կազմակերպություններին որևէ կերպ վնասելու կամ նրանց գործունեությանը անտեղի միջամտելու նպատակ չունի. խիստ են լինելու միայն անբարեխիղճների հանդեպ: Նա տեղեկացրել է, որ կաթնամթերքի շուկայում այսօրվանից ՍԱՊԾ-ն իրականացնում է լայնամասշտաբ դիտարկումներ:

ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը քննարկման ժամանակ նախ խոսել է սննդամթերքի անվտանգության ոլորտում ընդունված միջազգային չափորոշիչների կիրառման անհրաժեշտության՝ մասնավորապես՝ Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգը (HACCP) արտադրական գործընթացում ներդնելու մասին: Այս համակարգի ներդրման ժամանակացույցը հաստատված է ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 827-Ն որոշմամբ:

Բանախոսը հիշեցրել է, որ ներկայումս սննդամթերքի անվտանգության բնագավառը առաջնորդվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով և որոշումներով, որ ոլորտը կարգավորող հիմնական փաստաթուղթը ԵԱՏՄ «Սննդամթերքի անվտանգության մասին» ТР ТС 021/2011 տեխնիկական կանոնակարգն է՝ հորդորելով հանդիպման մասնակիցներին իրենց գործունեությունը կազմակերպել համաձայն այս փաստաթղթի:

Վ. Դանիելյանը նաև մանրամասնորեն ներկայացրել է կաթի մթերմանը, պաստերիզացիային, հումքի որակին, համապատասխանության գնահատմանը, մակնշմանը, հիգիենային ներկայացվող պահանջները: Ի մասնավորի՝ պարզաբանվել է, որ չպաստերիզացված կաթով կաթնամթերքի արտադրություն իրականացնել ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ, որ արտադրությունում օգտագործվող ամբողջ հումքը պետք է ուղեկցվի անվտանգությունն ու որակը հավաստող փաստաթղթերով, իսկ հում կաթը պետք է ուղեկցվի անասնաբուժական վկայականով և ենթարկվի անասնաբուժասանիտարական փորձաքննության: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր արտադրող ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ սեփական լաբորատորիաներ հիմնելու համար, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ունենա պայմանագիր հավատարմագրված լաբորատորիաների հետ:

Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության պատասխանատուն անդրադարձել է նաև թերի մակնշված կամ առանց մակնշման ապրանքատեսակներին՝ հիշեցնելով, որ դրանց իրացումը Ծառայության կողմից դիտարկվում է որպես խիստ ռիսկային և ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:

Ամփոփելով հանդիպումը՝ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը նշել է, որ այս ձևաչափով ոլորտային քննարկումները շարունակվելու են՝ մի կողմից՝ տնտեսավարողներին գործող պահանջներն ու կանոնները ներկայացնելու, մյուս կողմից՝ տնտեսավարողների հարցերն ու առաջարկությունները լսելու համար: Իսկ որ դա արդյունավետ ձևաչափ է, պարզ դարձավ կաթնամթերք արտադրողների կողմից մի շարք խնդիրների մասին բարձրաձայնելուց և դրանց շուրջ ծավալված քննարկումից:

ՍԱՊԾ

Այս խորագրի վերջին նյութերը