Մեկնաբանություն

22.11.2016 00:05


Սիցիլիայո՞ւմ ենք ապրում, թե՞ Հայաստանում

Սիցիլիայո՞ւմ ենք ապրում, թե՞ Հայաստանում

Օրը բացվում է, ու դեռ չես հասցնում մի սպանության մասին լսել, հաջորդում է մյուսը:

Նախ տեղակացա, որ Վանաձորում 21-ամյա երիտասարդի են սպանել, իսկ դրանից առաջ էլ արդեն կարդացել էի, որ Երևանում՝ Շենգավիթում, հրազենային կրակոցի զոհ է դարձել 56-ամյա տղամարդը: Մի քանի օր առաջ դարձյալ Երևանում մի երկու հոգու «սամասուդի» ենթարկեցին: Չգիտեմ՝ հիմա ես Սիցիլիայո՞ւմ եմ ապրում, թե՞ Հայաստանում: Արդեն չես էլ հասկանում՝ ռեստորանային սալյուտ-գմբոցները տոնական հրավառություննե՞ր են, թե՞ ինչ-որ կետում մարդու են ոչնչացնում...

Օրումեջ «Կրակոցներ են հնչել...» վերտառությամբ տեղեկություններ են հրապարակվում: Ապահով Հայաստանում, փաստորեն, զենքը դարձել է բջջային հեռախոսի պես մի բան, ու ցանկացողը կարող է այն ձեռք բերել և ուզած պահին շարել դիմացինի ճակատին...

ՀՀ քաղաքացիներն իրար են գյուլլում, իսկ երկրի ղեկավարությունն, ամբիոնը գրկած, շարունակ ճառում է. «Մեր երկրին կայունություն է պետք. մենք շատ ենք ուզում, որ երկրում կայուն իրավիճակը պահպանվի»:

Դե, իշխանության համար կարևորը «քաղաքական կայունությունն» է՝ երկիրը քաղաքական գերեզմանի վերածելու ծրագրի կենսագործումը: Ջհանդամը, թե սոցիալ-տնտեսական անկայունության հաստատուն պահպանման հետևանքով մարդիկ իրար չեն մորթում, իրենց «մոստից» չեն գցում կամ հրազենային կրակոցով միմյանց չեն սպանում:

Սա հուսահատված, ապագայի հանդեպ հավատը կորցրած, միաժամանակ անպատժելիության մթնոլորտից անասելի ներշնչված հասարակության «դիմապատկերն» է, որը վաղուց ոչ միայն մեջքով շրջվել ու հույսը կտրել է գործող իշխանությունից, Կառավարությունից, ու պատուհասած խնդիրներն ինքնուրույն, տանջանքով է տքնում լուծել, այլև թքած ունի օրինականության, արդարության և նման բաների վրա: Ինչպես վերևներում թքած ունեն նման բաների վրա, այնպես էլ «ներքևում» գտնվողներն են փորձում «ապրել»:

Ակնհայտ է, որ հանրության շրջանում ապատիան, անկումային տրամադրությունները, դեպրեսիան, նյարդային գերլարումը հասել են գագաթնակետին: Բարոյահոգեբանական չափազանց ծանր մթնոլորտ է ձևավորվել մեզանում, ինչը գնալով խորանում է: Այս ամենի թիվ մեկ պատասխանատուն, բնականաբար, գործող իշխանությունն է, որն իր համար այնքան փափագելի «կայունություն» եզրույթի տակ միայն հասկանում է սեփական իշխանության երկարաժամկետ պահպանումը: Իսկ մնացյալ խնդիրները, որոնց լուծմանը տարիներով սպասում է ժողովուրդը, նրան քիչ են հետաքրքրում կամ ընդհանրապես չեն հետաքրքրում: Բայց դե, հայտնի բան է՝ վախեցիր անկայուն հոգեվիճակում գտնվող հասարակությունից:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը