Կարծիք

21.11.2016 16:36


Հայաստանի բնակչության միայն 15%-ն է գոհ իր բնակարանային պայմաններից

Հայաստանի բնակչության միայն 15%-ն է գոհ իր բնակարանային պայմաններից

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանում տնային տնտեսությունների բնակարանային պայմանների վերաբերյալ ամփոփ տվյալներ, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել մեր երկրում առկա բնակարանային օրհասական խնդիրների վերաբերյալ: Եվ այսպես, Հայաստանի բնակչության միայն 15%-ն է գոհ իր բնակարանային պայմաններից: Զարմանալու, առավել ևս` նյարդայնանալու ոչինչ չկա. այս իշխանություններից ինչ-որ մեկն այլ բան սպասո՞ւմ էր:
Այս իշխանությունների «շնորհիվ» և ձեռամբ տարիներ շարունակ մարդկանց կյանքում առաջընթաց չի գրանցվում: Այս իշխանությունը տարիներ շարունակ միայն վերարտադրության խնդիրներն է լա՜վ, տեղը տեղին կարգավորել: Իսկ կյանքը շարունակվում է, բայց միայն այդ 15 տոկոսի համար, որոնք գոհ են իրենց բնակարանային պայմաններից, իսկ մեր՝ հասարակ մահկանացուներիս կյանքը կանգնած է՝ «մեկ քայլ առաջ, հարյուր քայլ հետ» բանաձևով:
Եթե հիշում եք, 2008-2009թթ-ին այս իշխանությունը ՌԴ-ից 500 մլն դոլար վարկ վերցրեց՝ ճգնաժամի ժամանակ շինարարության ոլորտում անկում չգրանցելու և մարդկանց էժան և հարմարավետ պայմաններով «տան տեր» դարձնելու նպատակով:
Բայց ի՞նչ տեղի ունեցավ. փողը վերցրին, շինարարություն չկա, տան տերերի թիվն էլ գնալով պակասեց: Ավելին՝ այնպիսի պայմաններ ստեղծեցին, որ ով վարկով տուն վերցրեց՝ հետո տոկոսի բեռի տակից դուրս չգալով՝ այն վաճառեց, հեռացավ երկրից: Դրա համար այսօր Հայաստանում առկա բնակարանային ամենալուրջ խնդիրը կացարանների ծանրաբեռնվածությունն է, և ինչպես փաստում են պաշտոնական տվյալները՝ կացարանների ծանրաբեռնվածությունը կախված է աղքատության մակարդակից:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը