Մեկնաբանություն

24.12.2009 20:13


Ինչու՞ են փոխարինվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները

Ինչու՞ են փոխարինվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում սպասվում է հերթական փոփոխությունը։ «Trend» գործակալության հաղորդմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը լքում է իր պաշտոնը։

-Ես այս տարի ասել էի, թե հույս ունեմ, որ առաջիկայում կլքեմ Մինսկի խմբի իմ պաշտոնը։ Ինչպես տեսնում եք, մինչև 2009թ. ավարտը դա տեղի չունեցավ,-նշել է նա։

Մերզլյակովի խոսքերով՝ իր հեռացումը Մինսկի խմբից կլինի մոտակա ժամանակներում։

-Ես պատրաստվում եմ, և հույս ունեմ, որ ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահի պաշտոնավարման 7-րդ տարում ինձ թույլ կտան լքել այդ պաշտոնը-ասել է Մերզլյակովը։

Հիշեցնենք, որ Յուրի Մերզլյակովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է նշանակվել 2003թ. սեպտեմբերին՝ փոխարինելով Նիկոլայ Գրիբկովին։

Ուշագրավը սակայն այն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդների կազմում զբաղեցրած պաշտոնից Մերզլյակովի հնարավոր հեռացումը  վերջին շրջանում կլինի երկրորդը և դա այն դեպքում, երբ Արցախի շուրջ զարգացումները մտել են ինտենսիվ փուլ։

Այս տարվա սեպտեմբերին Մեթյու Բրայզայի փոխարեն ԱՄՆ համանախագահ  նշանակվեց Ռոբերտ Բրադտկեն։ Ընդ որում, այս փոփոխությանը որևէ լուրջ հիմնավորում չտրվեց, ինչպես որ դա Մերզլյակովի պարագայում է։ Ասվում էր, որ Բրայզան պետք է նշանակվի Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, սակայն դա տեղի չունեցավ։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահների այս փոփոխությունները փորձագետների կողմից տարբեր կերպ են մեկնաբանվում։ Ըստ այդմ՝ կա՛մ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը մտել է փակուղի, ուստի մեծ հաշվով ձախողված համանախագահները պետք է փոխարինվեն, կա՛մ էլ բանակացային գործընթացը, «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա, հասել է իր ավարտին, և համանախագահներն իրենց առաքելությունը կատարել են։ Ընդ որում, երկրորդ տարբերակի պարագայում նշվում է, որ մնացել է ստանալ Ադրբեջանի համաձայնությունը, քանի որ Հայաստանն իր մասով պատրաստակամություն է հայտնել գնալ զիջումների։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը