Տնտեսական

21.11.2016 14:25


Տնտեսագետ. «Բնակչության գնողունակությունը կտրուկ նվազել է»

Տնտեսագետ. «Բնակչության գնողունակությունը կտրուկ նվազել է»

Նոյեմբերի 21–ին Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանում խոշոր ընկերությունները կարող են սկսել փակվել։ Որպես օրինակ՝ նա ներկայացրել է կաթնամթերք արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Աշտարակ կաթի» դժվարությունները, որը հարկային պարտավորությունների հետ կապված խնդիրների պատճառով վերջերս դադարեցրել է իր արտադրությունը։

–Վերջին տարիների ընթացքում բնակչության գնողունակությունը կտրուկ նվազել է, դրա հետ մեկտեղ՝ նաև մանրածախ առևտրի շրջանառությունը,–ասել է Մակարյանը՝ հավելելով, որ հարկային ծառայությունների աշխատակիցները պետք է մտածեն բիզնեսին ժամանակին զգուշացնելու, այլ ոչ թե տուգանելու մասին:

Գործատուների միության նախագահը խոսել է նաև Հայաստանում ներդրումների խթանման կարևորության մասին։

–Հայաստանում ներդրումների խթանումը շատ կարևոր է, որովհետև տեղական բիզնեսն իր պոտենցյալով այդքան մեծ հնարավորություններ չունի զարգացնելու տնտեսությունը, առավել ևս՝ արագ ժամանակահատվածում,–ասել է նա։

Ըստ Մակարյանի՝ ՀՆԱ-ի նկատմամբ ներքին կապիտալի ձևավորման ցուցանիշներով Հայաստանը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում, ինչից էլ հետևում է, որ երկիրն, ուզի թե չուզի, պետք է գնա ներդրումների խթանմանը՝ լինի դա պորտֆելային, թե ուղղակի օտարերկրյա ներդրումների մեխանիզմներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը