Կարծիք

21.11.2016 13:35


Մեր ընդերքի հարստությունը շատ անարդյունավետ ենք մշակում

Մեր ընդերքի հարստությունը շատ անարդյունավետ ենք մշակում

ԱՎԾ-ի հաշվետվությունները պետք է մեր Կառավարության, իշխանությունների համար ուղեցույց դառնան, Կառավարությունը դրանցից պետք է համապատասխան հետևություններ անի և համապատասխան միջոցներ ձեռնարկի։ Հերթական հաշվետվության համաձայն՝ Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի մեջ հանքահումքային արտադրանքի արտահանումը շարունակում է առաջին տեղը զբաղեցնել՝ կազմելով շուրջ 26 տոկոս։ Այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է 341 մլն դոլարի հումք։

Սա բավականին մտահոգիչ է. մենք մեր ընդերքի հարստությունը շատ անարդյունավետ ենք մշակում։ Հայաստանից հումքը արտահանվում է առանց որևէ մշակման և մեր երկիրն ահռելի եկամուտներ է կորցնում, այնինչ պետք է պայմաններ ստեղծել հումքի մշակման արդյունաբերությունը զարգացնելու համար։ Մենք շատ փոքր երկիր ունենք և չենք կարող մեզ թույլ տալ Ռուսաստանի կամ հարևան Ադրբեջանի պես ընդերքի օգտագործման էքստենսիվ տարբերակ, այսինքն՝ երբ եկամուտներն աճում են միայն հումքի արդյունահանման ծավալների աճի հաշվին։ Հայաստանը պետք է որդեգրի ինտենսիվ զարգացման ճանապարհը, այսինքն՝ հնարավորության չափով մենք աշխարհին պետք է առաջարկենք պատրաստի և մրցունակ արտադրանք։ Իսկ դրա հնարավորությունը Հայաստանն ունի բազմաթիվ ոլորտներում։ Այլ հարց է, որ այդ ուղղությամբ գործնական քայլեր չեն ձեռնարկվում, կամ դրանց արդյունավետությունը շատ ցածր է։

Այստեղ պետությունը շատ մեծ անելիք ունի։ Առաջին հերթին պետք է համապատասխան պայմաններ ստեղծել, որ այդ արդյունաբերությունը գրավիչ ու շահավետ դառնա։ Դրա համար կարևոր է համապատասխան հարկաբյուջետային քաղաքականություն կիրառել և ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ․ ճանապարհներ, երկաթուղիներ, մաքսային անցակետերն արդիականացնել և այլն։ Թե չէ ընդերքը վաճառելու համար շատ խելք պետք չի։ Բայց հումքը չի վերականգնվելու, իսկ ի՞նչ ենք վաճառելու, երբ այդ ռեսուրսն էլ սպառվի։ Այս հարցում համալիր մոտեցում է պետք։ Հումքի մշակման արդյունաբերությունը կայացնելուց հետո այդ եկամուտները պետք է ուղղել տնտեսության այլ ոլորտների կայացմանն ու զարգացմանը։ Ընդերքը, եթե կուզեք, բնության կողմից տրված բոնուս է, որը կարող ենք ծախսել կամ սահմանափակ ժամանակ լավ ապրելու համար, ինչպես, օրինակ, Ռուսաստանն ու Ադրբեջանը, կամ էլ տնտեսության զարգացումը խթանելու համար։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը