Կարծիք

19.11.2016 21:26


Իսկական կոմեդիան հենց սա՛ է

Իսկական կոմեդիան հենց սա՛ է

Ուշադրությո՛ւն: Հիմա արդեն կոչումներ բաժանելու երկրորդ «կռուգն են ֆռռում»: Ընտանիքից՝ եթե կինը կոչում ունի, ապա ամուսինն էլ պետք է ունենա և հակառակը: Ու ընդհանրապես, եթե մարդ ու կին կոչում ունեն, ապա էրեխեքին էլ պետք է դրանից հասնի և այդպես շարունակ:
Նունե Եսայանը ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ունի, երեկ էլ ահա նրա ամուսնուն՝ Ավո Խալաթյանին Սերժ Սարգսյանը ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորհեց՝ «Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, թատերարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար»:
Երևի, մյուս տարի էլ Արմենչիկի կնոջը վաստակավորի կոչում կտան:
Տնաշեննե՛ր, անկախության հռչակման պահին էդ տղան՝ Ավո Խալաթյանը, «նոր-նոր կաթից կտրվել էր», իսկ 1998-ին նոր-նոր դպրոցն է ավարտել, ի՞նչ է նշանակում «Անկախության 25-ամյակի առիթիվ» կամ՝ նա ի՞նչ վաստակ է ունեցել թատերարվեստում:
Մարզային թատրոնների փոշին 50 տարի կուլ տված, հայ թատրոնում իրապես վաստակ ունեցած մարդիկ մեռան-գնացին՝ այդպես էլ չարժանանալով նման կոչման, հիմա դուք, ի՞նչ է, կարո՞ղ է «Միսս-մանկապարտեզ» հաղթողներին էլ պետական պարգևների արժանացնեք (քանի որ նրանք վաղը պոտենցյալ ամպհովանի բռնող են լինելու):
20-րդ դարակեսի ամենաճանաչված կատակերգակներից մեկի՝ Կարպ Խաչվանքյանի մահով՝ մեռավ-պրծավ Կոմեդիայի թատրոնը, որտեղ հիմա սերիալային դերասանների հավաքատեղի է և այդ բեմում էլ ոչ թե սուր երգիծանք ու սարկազմ, անխնա ծանակում ենք տեսնում, այլ՝ վախվորած, անհասկանալի, փտած խոպոպներով թռչկոտող պերսոնաժներ՝ բերանում էլ ալանի խոսք:
Մինչդեռ, ողջ քաղաքական դաշտում վազվզում են բազմաթիվ կերպարներ, որոնք մաքուր կոմեդիայի տիպական նմուշներ են: Սակայն Կոմեդիայի թատրոնի ղեկավարությունը ավելի շուտ դեղնախտ կընկնի, քան այդ կենդանի ծաղրապատկերներին բեմ կհանի: Բայց այդ թատրոնը 75-ամյակ է նշում՝ քյառթու հանդիսավորությամբ ու երկրի առաջին դեմքն էլ գնում ու կոչումներ է բաժանում:
Մի հազվագյուտ տեսակ կա՝ Վարդան Պետրոսյանը, որն իր ելույթներով, հյուրախաղերով ավելի ցցուն էր դարձնում Կոմեդիայի թատրոնի թշվառությունը, այն էլ նրան տարան-փակեցին, որ ավոներին կոչում տան...
Իսկական կոմեդիան հենց սա՛ է...
Ավելի ճիշտ՝ տրագիկոմեդիան:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը