Մեկնաբանություն

19.11.2016 10:00


2017-ի պետբյուջեի «փրկչական» դերակատարությունը

2017-ի պետբյուջեի «փրկչական» դերակատարությունը

Երբ Ազգային ժողովը սկսում է քննարկել 2017-ի պետական բյուջեն, ու խորհրդարանում ներկա չեն լինում վարչապետն ու Կառավարության անդամները (որոնց հետո «բերման են ենթարկում»): Երբ նույն այդ Կառավարությունը նորմալ է համարում, որ իր գործունեությունը սոցցանցերում գովերգող գրառումների համար պետք է վճարել ավելի քան 15 հազար դրամ (յուրաքանչյուր գրառման հեղինակին) և համապատասխան ՊՈԱԿ-ին այդ նպատակով ավելի քան 190 միլիոն դրամ գումարի փոխանցումն էլ արդյունավետ է համարում: Երբ նախկին ու ներկա նաիրիտցիների՝ չստացած աշխատավարձերի, աշխատավարձերի չվճարումից առաջացած տույժ-տուգանքների մարման պահանջները չլսելու, նրանց բողոքի ակցիայից ճողոպրելու փորձ է անում Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարարը: Երբ կոռուպցիայի դեմ պայքարի կամ հակակոռուպցիոն հանձնաժողովների ստեղծման մասին անհաշիվ նախաձեռնությունների և դրանց վերաբերյալ ճոռոմ հայտարարություններ ես լսում (երբ, մանավանդ, նախկինում ստեղծվածների գործունեության ՕԳԳ-ն զրոյական է եղել): Երբ ստվերի մասին խոսում են բոլորը, բայց ստվերը բացահայտելուն միտված ոչ մի քայլ չեն ձեռնարկում: Հակառակը՝ ամեն ինչ անում են, որպեսզի ավելի թանձրանա ստվերը: Երբ Սերժ Սարգսյանն ընդամենը կենացային մակարդակով ցանկություն է հայտնում, որ կուզենար՝ բոլոր հայերը գային Հայաստան (ռուսական գործակալությանը տված հարցազրույցում), իսկ արտագաղթի ծավալները գոնե մեղմելու ուղղությամբ քայլեր չեն նշվում պետբյուջեյի նախագծում:

Այս «երբ»-ը կարելի է անվերջ շարունակել: Այս ամենից հետո ո՞ր մի շարքային քաղաքացին կարող է հավատալ, թե 2017-ի պետբյուջեն իր համար ինչ-որ «փրկչական» դերակատարություն է ունենալու: Ոչ ոք չի հավատում դրան: Բացի ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից, որոնք հայտարարել են, որ կողմ են քվեարկելու 2017-ի բյուջերին: Իսկ ՀԱԿ-ը, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն՝ դեմ: Պարզ է, որ հերթական Կառավարության ներկայացրած բյուջեի նախագիծն էլ կընդունվի ԱԺ-ի կողմից: Իսկ թե դրանից ինչ է շահելու ժողովուրդը, երկիրն՝ ընդհանրապես, ավելի քան կանխատեսելի է: Ոչի՛նչ:

2008-ից մինչ օրս իշխող ուժը, հերթագայող Կառավարություններն այդ ո՞ր մի ծրագիրն են կյանքի կոչել, որ ժողովուրդն ինչ-որ ակնկալիք ունենա գալիք բյուջեից: Մանավանդ երբ օրումեջ Շարմազանովը, ինչպես ժամացույցի կկուն, դուրս է թռչում ու հայտարարում՝ մեր միակ լիդերը Սերժ Սարգսյանն է, մեր կուսակցությունը հավերժ պատկանում է նրան:

Շատ լավ, դուք՝ ձեր կուսակցությունը: Երկիրն ու ժողովրդին ազատեք ձեզանից, քանի որ հրաշալի գիտեք՝ արդար, ազատ ու թափանցիկ ընտրությունների անցկացման դեպքում ընտրողների ձայների չնչին տոկոսին էլ չեք արժանանալու:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը