Քաղաքական

02.11.2010 16:14


ՆԺԿ նախագահ. «Արդեն 2013թ. սցենարն էլ է հայտնի»

ՆԺԿ նախագահ. «Արդեն 2013թ. սցենարն էլ է հայտնի»

Այսօր հրավիրված բանավեճում անդրադառնալով ՀՀԿ-ի այն պնդումներին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում 70% ձայն են ունենալու՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարեց, թե այժմ ՀՀԿ-ում որոշակի անձինք, խմբեր կան, որոնք զբաղված են խորհրդային ժամանակներից հայտնի պրոպագանդայով և ագիտացիայով։ Սակայն, նրա համոզմամբ, միայն դրանով դժվար է երկրում իրավիճակ փոխել։

Ա. Կարապետյանը նշեց նաև, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, ամեն ինչ անելու է բոլոր ռեսուրսներն իր ձեռքում կենտրոնացնելու համար։

-Ոչինչ չի փոխվելու, եթե մինչ ընտրությունները համակարգային փոփոխություններ Հայաստանում չլինեն։ Այսինքն ես կարծում եմ, որ մեր արմատական գործընկերների հետ ընտրությունները պիտի նախատեսել նրա համար, որ որպես քաղաքական պահ օգտագործվի Հայաստանում ժողովրդի ընդվզումը ապահովելու համար։ Այլ ճանապարհ մինչև ասյօր չկա,-հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը՝ ավելացնելով, որ իրենք մնացել են քաղաքականության մեջ, որպեսզի օգտագործելով քաղաքական պահը՝ երկրում թավշյա հեղափոխություն իրականացնեն։-Ավելացնեմ՝ արդեն 2013թ. սցենարն էլ է հայտնի։ Սերժ Սարգսյանն ուզում է 2-րդ անգամ դառնալ նախագահ, և նախատեսված է, որ Արամ Կարապետյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին էլի չեն գրանցելու, նրանք չեն լինելու թեկնածուներ։ Եվ արդեն ընտրվել է նոր մարդ, այսինքն՝ քաղաքական դաշտում հին, որին, որպես ընդդիմության ներկայացուցչի, ապագայում «հաղթելու» է Սերժ Սարգսյանը։ Ես գիտեմ այդ մարդու անունը, բայց չեմ ասում դեռ։ Դա Լևոն Տեր-Պետրոսյանը չէ, դա Ռոբերտ Քոչարյանը չէ։ Ընդդիմությունից է այդ մարդն անջատվելու, և ցուցադրվելու է, որ նրան հերոսաբար հաղթեց Սերժ Սարգսյանը։ Բայց միանգամից ասեմ, որ այդ ծրագիրը չի աշխատելու, միանշանա՛կ։

Նրա հետ բանավեճի հրավիրված ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ Ա. Կարապետյանի այս խոսքերը բնութագրեց որպես երևակայական ֆոնի վրա ներկայացված։

Հանրապետական խմբակցության պատգամավորը ևս մի անգամ կրկնեց, որ ՀՀԿ-ն ունի բավարար հիմքեր և ռեսուրսներ իր քաղաքական ներկայությունն ու պատասխանատվությունը պահպանելու և նաև ավելացնելու համար, իսկ մնացածն արդեն հայ հասարակության իրավունքն է՝ տալ այդ հնարավորությունը և ինչ չափով տալ։

Մեր այն հարցին, թե ի՞նչ զարգացումների դեպքում ՀՀԿ-ն կփոխի իր համոզմունքը, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն է կազմելու, Ա. Զաքարյանը պատասխանեց.

-Որևէ բան չի կարող փոխվել այս պահի դրությամբ առկա բնականոն զարգացումների պարագայում։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը