Մեկնաբանություն

17.11.2016 19:05


Անկուսակցական խեղճերն ի՞նչ անեն, ախր...

Անկուսակցական խեղճերն ի՞նչ անեն, ախր...

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ, կարծես, նորանշանակ նախարարները Սերժ Սարգսյանի՝ օգոստոսի 1-ի ելույթը չեն լսել: Դե, մինչ այդ պորտֆել չէին ստացել ու, հնարավոր է, ուշադրություն դարձրած չլինեն (թեպետ, անհնար բան է):

Իսկ ի՞նչ էր ասում օգոստոսի 1-ին ՀՀԿ ղեկավարը, երբ արդեն հանձնվել էին «Սասնա ծռերը»: Նախագահականում հասարակության, իշխանությունների, հոգևոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Այս փուլում մեր նպատակը նաև ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, հենց այդպիսի իշխանություն ձևավորելու հիմքն է դրվել այդ բարեփոխումներով: Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման և կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն»:

Հիմա, խնդրե՛մ, տեսնում ենք, թե «դեպի աթոռ սողոսկելու» փորձ անողներն ինչպես են նախ՝ իրենք իրենց, հետո հանրությանը նախապատրաստում այն «պատմական իրադարձությանը», երբ պետք է դիմեն ՀՀԿ-ին՝ կուսակցությանն անդամագրվելու խնդրանքով: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն արդեն հայտարարել է իր որոշման մասին, որ դառնում է ՀՀԿ-ական, հիմա էլ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն է սեփական որոշումը հրապարակելու համար «հող նախապատրաստում»:

Նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Ամիրյանը շտապեց հայտարարել, թե իրեն որևէ կերպ չի տեսնում ՀՀԿ-ի շարքերում, ավելին՝ ասաց, թե իր «խորին համոզմամբ»՝ Մշակույթի նախարարը չպետք է լինի կուսակցական: Իսկ այսօր արդեն Ամիրյանին ոչ միայն դուր է գալիս ՀՀԿ գաղափարախոսությունը, այլև «գիտակցել» է, որ կառավարման մոդելի փոփոխությունը ենթադրում է քաղաքական պատասխանատվություն: Սա նշանակում է, որ նա սկսում է փետուրը թաթախել գրչատուփի մեջ և դիմում գրել: Պարզապես «ինտրիգը ձգելու» համար այսօր սեփական որոշման մասին ոչինչ չասաց:

Դե, ախր, ՀՀԿ-ն մեռավ ասելով՝ «մենք դանդաղ ենք շտապում»: Ո՞ւր էիր շտապում, Ամիրյա՛ն, երբ նախապես հայտարարեցիր, թե քեզ որևէ կերպ ՀՀԿ-ում չես տեսնում, իսկ այսօր արդեն Վիգեն Սարգսյանի նման կառավարման մոդելից (սահմանադրական փոփոխություններով պայմանավորված) ենթադրվող որոշման մասին ես խոսում:

Ի դեպ, Ամիրյանի նախորդը՝ Հասմիկ Պողոսյանը, 10 տարի այդ գերատեսչությունը ղեկավարեց, բայց այդպես էլ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում չգրեց:

Պարզ է՝ «դանդաղ շտապող» ՀՀԿ-ն ու նրա առաջնորդը վերջին երկու ամսում դանդաղ, հերթով կանչում էին նորանշանակներին և ասում էին՝ «Շտապե՛ք որոշում կայացնել. դեպի աթոռ սողոսկելով հո չի՞»: Այդքան բա՛ն:

Մնում է զարմանալ, թե ինչպես կարելի է խոսել ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու մասին, որի անդամների գերակշիռ մասը ՀՀԿ-ական է լինելու: Անկուսակցական խեղճերն ի՞նչ անեն, ախր...Կառավարման մոդելն է խեղդում ու ստիպում անդամագրվել մի ուժի, որին ժողովրդի մեծամասնությունը պարզապես ատում է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը