Կարծիք

17.11.2016 14:44


Սարգսյանի հարցազրույցում ոչ մի խոսք չկա սեփական ժողովրդի մասին

Սարգսյանի հարցազրույցում ոչ մի խոսք չկա սեփական ժողովրդի մասին

Կարդում եմ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Կիսելյովի հետ ու փշաքաղվում եմ նրա ասած անհեթեթություններից։ Ըստ Սարգսյանի՝ նա երազում է, որ Եվրոպայից մարդիկ գան Հայաստան, և տեսնեն, որ երկիրը զարգանում է։ Պատկերացնո՞ւմ եք։ Այսինքն՝ նա երազում է ոչ թե այն մասին, որ սեփական ժողովուրդն իր մաշկի վրա զգա, որ երկիրը զարգանում է, նոր աշխատատեղեր են ստեղծվում, գներն են իջել, մարդկանց եկամուտն է ավելացել, և կենսական պայմաններն են բարելավվել, այլ որ եվրոպացիները գան ու տեսնեն, որ «երկիրը զարգանում է»։ Եվ ոչ մի խոսք սեփական ժողովրդի մասին։ Կարծես թե նա ոչ թե ինքնիշխան պետության նախագահ է, այլ ինչ-որ մեծ ընկերության դուստր կազմակերպության ղեկավար, որը սպասում է, որ տնօրենների խորհուրդը տեսնի, որ նա զարգացնում է կազմակերպությունը, և «պրեմիա» կնշանակի։

Կամ էլ նրա «գլուխգործոցը»՝ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև «թեժ գիծ» բացելու առնչությամբ, որին, ի դեպ, ադրբեջանցիներն արդեն արձագանքել են հեգնանքային ոճով, և որի մասին չեմ ուզում գրել, որպեսզի ադրբեջանցիների ջրաղացին ջուր չլցնեմ և մեր բանակը ոչ շահավետ լույսի ներքո չներկայացնեմ, ինչպես դա արեց Սարգսյանը։

Իսկ ազգային գաղափարի վերաբերյալ Սարգսյանի պատասխանի մասին ընդհանրապես չեմ խոսում։ Չի խոսում նաև Սերժ Սարգսյանը, որովհետև չի հասկանում ՝ ինչ է նշանակում «ազգային գաղափար»։ Դրա համար էլ խոսում է «Թուրքիայի հետ սահման բացելու, Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու մասին, և որ թուրք երիտասարդները հասկանան, որ իրենք չէ, որ մեղավոր են Հայոց ցեղասպանության մեջ»։ Եվ նորից ոչ մի խոսք սեփական ժողովրդի բարեկեցության և ապագային մասին, և ընդամենը մի քանի վերացական խոսք՝ «գալոչկայի» համար, ինչը ներքին լեգիտիմության բացակայության վառ դրսևորում է։

Հարցազրույցում կան նաև ավելի ծանրակշիռ «գլուխգործոցներ»՝ կապված նույն բանակցային գործընթացների հետ և այլն, բայց դա էլ որ գրես, դիսերտացիոն թեզ է ստացվելու, այլ ոչ թե ստատուս։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը